Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, վարչապետը հյուրերին տեղեկացրել է, որ այսօր կառավարության նիստում հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին՝ աշխատանքային խումբ ձևավորել և իրանական կողմի հետ աշխատել ՀՀ-ից ԻԻՀ հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման հարցի շուրջ, ինչպես նաև գործարարների հետ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հեռանկարները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա փոխշահավետ հնարավորություն է երկու երկրների գործարարների համար, և պետք է նպատակուղղված աշխատել այն իրացնելու ուղղությամբ:
Իրանի գլխավոր մաքսատան պետը ներկայացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ աշխատանքային բանակցությունների արդյունքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և նշել է, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Մասնավորապես, ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ, երկուստեք կարևորվել են էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումն ու ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներին բավարար չափով մաքսային ընթացակարգերի մասին իրազեկումը, երկու երկրներում գործող ազատ տնտեսական գոտիների միջև փորձի փոխանակումն ու համագործակցությունը:
«Մենք կարող ենք ազատ տնտեսական գոտու միջոցով համագործակցություն ծավալել դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա: Որպես կապող կամուրջ՝ Հայաստանը կարող է որոշիչ դերակատարություն ստանձնել այս ոլորտում, ինչն իր հերթին կարող է նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը», - ասել է Մասուդ Քարբասիանը: Ի պատասխան վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ձևավորել համապատասխան հարթակ դեպի ԵԱՏՄ շուկա:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս, որոնք վերաբերում էին տրանսպորտային և տարանցման ենթակառուցվածքների ոլորտում գործակցության զարգացմանը: