Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, վերընտրվելու է ՀՀԿ նախագահ։
«Կարծում եմ, որ Դուք լուսնից չեք իջել, որ մտածեք այլ բան։ Եվ կուսակցության շարքերի պահանջն է դա և ցանկությունը։ Մենք հպարտ ենք, որ մենք Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ ենք, հպարտ ենք, որ կուսակցությունն ունի նման լիդեր։ Հանրապետականը մեկ լիդերի կուսակցություն է և մնալու է մեկ լիդերի կուսակցություն։ Այդ լիդերը Սերժ Սարգսյանն է», - երեկ կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը։
Հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը կուսակցությանն անդամակցելու դիմում դեռևս չի՞ ներկայացրել, Շարմազանովը պատասխանեց. - «Նորություն չկա, Կարեն Կարապետյանը գտնվում է Մոսկվայում։ Դիմում գրելու մասին, գոնե այս պահին, կուսակցությունում նման տեղեկություն չկա։ Երեկ պատասխանել եմ Ազգային ժողովում լրագրողներին՝ «մի բացառեք, որ կգրի, մի բացառեք, որ չի գրի»։ Դա պարոն Կարապետյանի որոշելու հարցն է։ Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին, պարոն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ ինքն անդամակցելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և արդեն ընդամենը տեխնիկական խնդիրներ են նրա անդամակցումը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը», - ասաց Շարմազանովը՝ նշելով, որ կուսակցությունը դրական է գնահատում Սարգսյանի որոշումը. - «Պետք է նշեմ, որ Վիգեն Սարգսյանին երկար տարիներ եմ ճանաչում, նա փորձառու պետական գործիչ է, որտեղ որ աշխատել է, աշխատել է բարձր պրոֆեսիոնալիզմի և ազգային հայրենասիրության նվիրումով, և հուսով եմ ու համոզված, որ պարոն Սարգսյանը նաև նոր լիցք կհաղորդի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»։
ՀՀԿ խոսնակի պնդմամբ՝ սահմանադրական բարեփումներից հետո այլևս գործնականում անհնարին է դառնում լինել քաղաքական գործիչ, զբաղվել քաղաքականությամբ, բայց չլինել այս կամ այն կուսակցության ներկայացուցիչ։
«Սահմանադրական բարեփումներից հետո այլևս անկուսակցական քաղաքական գորիչների էպոպեան անցյալում է մնում։ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», դա արդեն 20-րդ դարի լոզունգ է», -ասաց Շարմազանովը։