Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանում սկսվեց Կարո Եղնուկյանի բողոքի քննությունը


Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը առաջին ատյանի դատարանում: 14-ը հոկտեմբերի, 2016 թ․
Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը առաջին ատյանի դատարանում: 14-ը հոկտեմբերի, 2016 թ․

Երևանում պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանին, ըստ առաջին ատյանի դատարանի որոշման, կարող են տեսակցել ընտանիքի անդամներից միայն կրտսեր դուստրն ու տարեց մայրը:

Եղնուկյանի փաստաբանն այսօր վերանքնիչ դատարանից պահանջում էր վերացնել առաջին ատյանի դատարանի այդ որոշումը և տեսակցելու ու հաղորդակցվելու հնարավորություն տալ նաև ընտանիքի մյուս անդամներին:

«Անտրամաբանական է․ Կարող Եղնուկյանը իրավունք ունի նամակ գրել ցանկացած անձի, ինչպիսի գաղտնիք ուզում է, կարող է գրել, բայց նա չի կարող հեռախոսով խոսել իր հարազատի հետ, այն պարագայում, երբ որ հեռախոսով խոսելու ժամանակ հսկիչը կողքը կանգնած է լինում», - ասաց Եղնուկյանի փաստաբանը Տիգրան Հայրապետյանը՝ պնդելով, որ դա մարդու իրավունքների խախտում է:

Դատարանում փաստաբանը հայտարարեց, որ քննիչն ու դատախազն առանց հստակ հիմք ներկայացնելու նախ որոշել էին, որ Եղնուկյանի ընտանիքի անդամները չեն կարող տեսակցել նրան, որոշ ժամանակ անց, սակայն, թույլատրել էին միայն մոր ու տասնամյա դստեր հետ հանդիումները:

Եղնուկյանի փաստաբանը պահանջեց ստուգել տեսակցությունների վրա արգելք դնելու ու ապա դրանք հանելու հիմքերը:

Նիստի նկարահանումն արգելած դատավորը երկու անգամ դատախազին հարցրեց, թե ինչ հիմքով են քննիչն ու դատախազը նախ արգելել, ապա թույլատրել, որ Կարո Եղնուկյանի տարեց մայրն ու անչափահաս դուստրը տեսակցեն նրան: Դատախազը պատասխանեց, թե այդ որոշումները կայացվել են նախաքննության ընթացքում ձեռբ բերված տվյալների հիման վրա:

«Դատավորի էս հարցը ապացուցում է, որ էդպիսի նյութեր չկան գործի քննության ընթացքում, և դատախազը չի ներկայացրել դատարանում», - հայտարարեց Տիգրան Հայրապետյանը: - «Դատավորի այս հարցերից հետո, բնականաբար, դատարանը չի կարող վերաքննիչ բողոքը չբավարարել»:

Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը չի հասկանում այս որոշման նպատակը․ - «Մյուս անչափահաս երեխաս մեղավո՞ր ա, որ մի քանի տարով մեծ ա: Կամ ուսանող երեխաներս մեղավո՞ր են, որ մեծ են, անչափահաս չեն: Կամ էդ ի՞նչ նախաքննական գաղտնիք պիտի փոխանցեն․․․․ Ընտանիք ա վերջապես, ինտիմ հարցեր կան երեխաների հետ կապված, դաստիարակության հետ կապված, փաստաբանի միջոցով ամեն ինչ չի, որ կարող ես փոխանցել, քննարկել»:

Միացյալ Նահանգներից այս օրերին Հայաստան եկած Կարո Եղնուկյանի տարեց մայրը՝ Նվարդ Եղնուկյանը, տարակուսում է, թե ինչպես ինքը կարող է գործի արդար քննությանը խոչընդոտող տեղեկություն փոխանցել հեռախոսով կամ հանդիպման ժամանակ, երբ երկու դեպքում էլ ողջ ընթացքը հսկում են ոստիկանները:

Կարող Եղնուկյանն այսօրվա նիստին ներկա չէր: Փաստաբանը միջնորդեց, որ հաջորդ նիստին ապահովվի նրա ներկայությունը: Դատարանը բավարարեց միջնորդությունն ու նիստը տեղափոխեց նոյեմբերի 24-ին:

XS
SM
MD
LG