Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան․ Հիմնադրամը գործելու է թափանցիկ


Վիգեն Սարգսյան, արխիվ
Վիգեն Սարգսյան, արխիվ

Պաշտպանության նախարարն այսօր խորհրդարանում որոշ պարզաբանումներ ներկայացրեց բուռն քննարկումներ հարուցած՝ զինծառայողների ֆինանսական փոխհատուցման մասին նախագծի վերաբերյալ:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր խորհրդարանում վստահեցրեց՝ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական կարիքները հոգալու նպատակով ստեղծվելիք հիմնադրամը գործելու է թափանցիկ: Աշխատող քաղաքացիներից ամեն ամիս գանձվելիք դրամական միջոցներն էլ օգտագործվելու են նպատակային: Նախարարը տեղեկացրեց՝ հիմանդրամն ունենալու է կայք, որտեղ իրական ժամանակում արտացոլվելու է, թե որքան գումար է հավաքվել, ով որքան գումար է ստացել:

Սա, ըստ Սարգսյանի, թույլ կտա ցանկացած մարդու՝ վերահսկողություն իրականացնել հիմնադրամի նկատմամբ: Հիմնադրամն ունենալու է նաև հոգաբարձուների խորհուրդ, այն բաղկացած կլինի 9 անդամից, որոնցից 3-ը կնշանակվեն կառավարության, 3-ը Կենտրոնական բանկի կողմից, ևս 3 անդամներ էլ կներկայացնեն քաղաքացիական հասարակությունը: Ըստ նախագծի, սակայն, նրանց պետք է ընտրեն հոգաբարձուների խորհրդի արդեն իսկ նշանակված անդամները: Պաշտպանության նախարարն այսօր ասաց, թե պատրաստ է փոփոխություններ կատարել նախագծում, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենք կարող են որոշել, թե ով ներկայացված լինի հոգաբարձուների խորհրդում:

«Բացարձակ պարտադիր չէ, որ այդ երեքին ընտրեն առաջին վեցը: Շատ հանգիստ օրենքի նախագծում կարող ենք համապատասխան փոփոխություն անել: Եթե լինեն գաղափարներ, մեծ սիրով պատրաստ եմ քննարկել»,- ասաց նախարարը: Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչու են որոշել քաղաքացիներից պարտադիր կարգով 1000-ական դրամ գանձել: «Սա այն նվազագույն գումարն է, որ անհրաժեշտ է հիմնադրամի գործունեության համար, եթե չհաջողվի այլ գումարներ ներգրավել»,- ասաց նա: Ի դեպ, նախարարը շեշտեց՝ նվազագույն աշխատավարձ ստացողների դեպքում գործատուն 1000 դրամի վճարը կվերցնի իր վրա:

«Մենք ելնում ենք նրանից, որ գումարը յուրաքանչյուր անձ կարող է իր ցանկությամբ և իր հնարավորությունների համապատասխան, ավելացնել, բայց դա արդեն կամավոր սկզբունքով վճարում է: Եթե մենք վերանայելու լինեինք այս մոտեցումը, ըստ երևույթին մենք 1000-ը կսահմանեինք որպես նվազագույնը, այնուհետև դրա վրա կավելացնեինք այլ լրացուցիչ պարտադիր վճարներ, որը ես չեմ կարծում, որ հիմա արդյունավետ կան օգտակար կլիներ, մինչև հիմնադրամը չսկսի իր գործունեությունը և գոնե մի քանի տարի աշխատելով, ցույց չտա, թե ինչ ուղղությամբ է զարգանում այս գործընթացը»,- շարունակեց Վիգեն Սարգսյանը:

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց բարձրացրեց՝ ինչու՞ է կառավարությունը որոշել հոգալ միայն 2017 թվականի հունվարի 28-ից հետո զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական խնդիրները, չէ՞ որ մենք ունեցանք քառօրյա պատերազմ, ավելի քան 100 զոհ: «Ինչ վերաբերում է քառօրյա պատերազմի դասերին, նաև զոհվածներին և հաշմանդամներին, որ մենք ունեցել ենք 25 տարիների ընթացքում, ես հատուկ շեշտեցի՝ իհարկե դա հատուկ հոգածության ուղղություն և հարց է, և մենք փորձելու ենք անդրադառնալ նաև այդ խմբերին: Եվ եթե հիմնադրամը հաջողակ լինի, հետադարձ հայացքով, առնվազն գոնե նպաստների միջոցով, առաջիկայում կփորձենք․․․»:

Վիգեն Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել հենց հունվարի 28-ից հետո արձանագրվող դեպքերի համար սոցիալական աջակացություն ցուցաբերել՝ «Հունվարի 28-ից հետո ծագող դեպքերի պարագայում ․․․մի կողմից դա շատ տրամաբանական է, որովհետև ինքն ապահովագրական քաղաքականություն է, իսկ ապահովագրությունը չի կարող հետադարձ կիրառում ունենալ: Այսինքն՝ դու միշտ ապահովագրում ես ապագայի հնարավոր դեպքերը»:

Հարցին՝ արդյո՞ք արդար է 1000 դրամ գանձել և՛ 70 հազար դրամ ստացող քաղաքացուց, և՛ պատգամվորից ու կառավարության անդամներից, Պաշտպանության նախարարաը պատասխանեց՝ «Մեծ հույս ունեմ, որ այն բարոյական և քրիստոնեական ընկալումը, որ ում շատ է տրված, նրանից շատ է ակնկալվում, գործելու է: Ի դեպ, մի բան էլ եմ ուզում ասել, որն ավելի լայն կոնցեպտ ունի: Եթե մենք շարունակենք խոսել այն մասին, թե ովքեր կոռումպացված են, պետք է ավելի շատ ներդրում ունենան, մենք շարունակելու ենք պայքարել ոչ թե կոռուպցիայի դեմ, այլ շարունակելու ենք կոռուպցիան կոչել սոցիալական արդարության, ինձ համար դա ընդունելի չէ: Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է կոռուպցիան վերացնելուն զուգահեռ, նվազեցնի ու վերացնի իր կախվածությունը էն մարդկանց փողերից, ում փողերի հանդեպ ինքը չունի վստահություն»:

Պատգամավոր Թևան Պողոսյանի հարցադրումն էլ վերաբերում էր այս նախագծի ընդունման շտապողականությանը: Արդյո՞ք առանց հանրության շրջանում լայն քննարկումների, մտավախություն չունեն, որ այս ծրագիրը կձախողվի, ինչպես պարտադիր կուտակայինի դեպքում եղավ: Թևան Պողոսյանը հիշեցրեց՝ համաձայն իրավական ակտերի մասին օրենքի, նախագիծը պետք է լայն հանրային քննարկման դրվեր: Վիգեն Սարգսյանն այսպես արձագանքեց՝ «Ինչ վերաբերում է լայն հանրային քննարկմանը, ես կարծում եմ, որ և՛ այս քննարկումը, և՛ այն քննարկումները, որոնք արդեն ծավալվել են սոցցանցերում, և՛ այն քննարկումները, որ կլինեն մինչև Ազգային Ժողովի լիագումար նիստը, դրանք հենց այն լայն քննարկումներն են, որոնք պետք է լինեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG