Մատչելիության հղումներ

Վարչապետը կարևորում է ԵՄ-ի հետ «անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը»


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Կարեն Կարապետյանը կարևորել է Եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու Հայաստանում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների գործընթացում:

Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ վարչապետը նշել է, որ գործադիրի հիմնական խնդիրն է բիզնեսի համար առավելագույն արդար, ազատ և հավասար դաշտի ստեղծումն ու ներդրումային ծրագրերի խթանումը:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու են հիմնադրամներ, որոնք համաֆինանսավորելու են ակտիվ, նախաձեռնող, բաց դաշտում աշխատող բիզնեսին, որպեսզի այն վերարտադրվի և զարգանա, իրականացվելու են քայլեր օրինապահ հարկատու լինելը մոտիվացնելու համար:

Կարևորելով նաև կառավարման մշակույթի փոփոխությունը՝ վարչապետը շեշտել է, որ առանց ստվերի և բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի՝ երկիրը զարգացնելու ճանապարհ չի տեսնում: Այդ առումով, կառավարության ղեկավարն ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործադիրը հանդես է գալու օրենսդրական հստակ նախաձեռնություններով, փոխվելու է նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը. դրանում կներգրավվեն հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ:

«Մոտ ժամանակներս ստեղծելու ենք ռազմավարական նախաձեռնությունների և բարեփոխումների կենտրոն, որի գործունեության մեջ բացի կառավարության ներկայացուցիչներից, կներգրավվեն նաև աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերները, որոնց փորձը, գիտելիքները մեզ համար կարևոր են: Նրանք ուրվագծելու են այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին», - նշել է Կարապետյանը:

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ տպավորված են Հայաստանի վարչապետի և կառավարության հավակնություններով, բարեփոխումների օրակարգով և ավելացրել, որ Հայաստանի պայծառ ապագայի կերտման ուղին տեսնում է այդպիսին:

Դեսպանը շեշտել է, որ ԵՄ-ն, որպես Հայաստանի բարեկամ, պատրաստ է օժանդակել մեր երկրին՝ տնտեսության զարգացման, գործարար դաշտի, հարկային և մաքսային վարչարարության բարելավման նպատակով: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին՝ պարոն Սվիտալսկին նշել է, որ տպավորված է կառավարության նախատեսած հարուստ միջոցառումներով և այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Դեսպանը կարևորել է նաև ընտրական գործընթացի կազմակերպման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցությունն ու բարեփոխումների իրականացումը:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG