Մատչելիության հղումներ

Ավտոմաքսատան պետի խոսքով, բարեփոխվել է ավտոմեքենաների ներմուծման գործընթացը


ՀՀ վարչապետի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարականներով մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում, այսօր հայտարարել է ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը:

Մասնավորապես, ուսումնասիրվում է միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գինը, և, եթե փաստաթղթերը արժանահավատ են, ապա մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով և մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով:

«Նոր բարեփոխումների արդյունքում այժմ մեքենայի սեփականատերը հնարավորություն ունի ավտոմաքսատանը համակարգիչների միջոցով մաքսային ծառայողների հետ համատեղ դիտարկել ներկրած ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները: Նման աշխատաոճով ավելի ստույգ է որոշվում մաքսային արժեքը՝ բացառելով մաքսազերծման կամայական սակագնի որոշում կայացնելու հավանականությունը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային և կանխատեսելի»,- ՊԵԿ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, ասել է Ղազարյանը:

Բացի այդ, ավտոմաքսատան ղեկավարի խոսքով. - «Եթե նախկինում բրոքերային ծառայությունը զբաղվում էր միայն հայտարարագրի լրացմամբ, իսկ մնացած գործընթացը քաղաքացին ինքնուրույն էր իրականացնում, ապա նոր կարգի համաձայն, ավտոմեքենայի սեփականատերը փաստաթղթերի փաթեթը հանձնում է բրոքերային ծառայությանը, որը 20 րոպեում ապահովում է մնացած բոլոր ընթացակարգերը, գործընթացը տևում է 30 րոպե»:

ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, ձևակերպումների ժամանակահատվածի կրճատումից բացի, շուտով գործառույթների մի մասը ևս կտեղափոխվի մաքսատներ: Մասնավորապես, եթե նախկինում մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվություն կարող էին ստանալ միայն կոմիտեում, ապա առաջիկայում այդ գործառույթը նույնպես կիրականացվի ավտոմաքսատանը:

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ավտոմաքսատանը փակցվել են համապատասխան հուշաթերթիկներ, որտեղ, մասնավորապես, նշված են պաշտոնատար այն անձանց հեռախոսահամարները, ում կարող են դիմել քաղաքացիները մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների, անհարկի խոչընդոտների դեպքերում: Առանձին հուշաթերթիկներ կան նաև մաքսային արժեքի որոշման կամ ձևակերպումների ընթացակարգերի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի նկատմամբ, քաղաքացիները սպառիչ տեղեկատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով 060 54 73 04 հեռախոսահամարով:

Ինչ վերաբերում է վիճակագրությանն, ապա Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ տարեսկզբի համեմատ մոտ 30 տոկոսով աճել է մեքենաների ներկրումը. հոկտեմբերին 3-րդ երկրներից ներմուծվել է 1820 մեքենա՝ ապահովելով 1 միլիարդ 480 միլիոն դրամի մուտքեր: ԵԱՏՄ երկրներից՝ ներկրվել է 980 մեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG