Մատչելիության հղումներ

Նախարար. «Սեքյուրիթի Դրիմ», «Փարկինգ Սիթի» և «Լոկատոր» ընկերությունների պետականացման մասին խոսք չի գնում


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ «Սեքյուրիթի Դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների պետականացման, ազգայնացման մասին խոսք չի գնում, ընդամենը եղել է հանձնարարական, որ բանակցվի այդ ընկերությունների հետ, որպեսզի համապատասխան գործառույթները, որոնք նրանք իրականացնում էին սեփականության ձևով պայմանավորված, այդ թվում՝ ֆինանսական հոսքերն ուղղվեն պետական բյուջե։

Հովհաննիսյանի փոխանցմամբ, այս պահին վերոնշյալ ընկերություններն ու պետության ներկայացուցիչները բանակցում են այդ հարցի շուրջ։

«Ընդամենը մի քանի օր անց բանակցությունների արդյունքների մասին բոլորդ կտեղեկանաք։ Սա պարզապես իրավական տեսանկյունից։ Ինչ վերաբերում է տուգանքների չափերի նվազեցմանը, ապա, բնականաբար, այս հանձնարարականի շրջանակներում ուղղակիորեն ո'չ նման բան բխում է, ո'չ նման բան նախատեսվում է», - ասաց արդարադատության նախարարը՝ շարունակելով․ - «Բայց ես առիթը օգտագործելով կասեմ մի շատ կարևոր մեր նախաձեռնության մասին, որը տևական ժամանակ է մշակվում է, երևի թե դա Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կենտրոնական օրենսգրքերից մեկն է, որն ամեն տարի ասում են, որ դա կներկայացվի կառավարություն, կամ ասվել է, որ կներկայացվի կառավարություն, և տևական ժամանակ չի եղել․ ես խոսում եմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մասին, որն արդարադատության նախարարության կողմից արդեն ուղարկվել է կառավարություն և քննարկումներ պետք է լինեն, իսկ այնտեղ մենք մի քանի հետաքրքիր մոդելներ ենք առաջարկել, մասնավորապես նաև՝ տուգանք նշանակելիս հաշվի առնել նաև քաղաքացու գույքային դրությունը՝ նրա ֆինանսական վիճակը, հոսքերը և այլն, ինչպես անել, որ վարչական տույժ կիրառող մարմինը տույժեր նշանակելիս հաշվի առնի այդ հանգամանքը ևս, թե ինչպիսի ֆինանսական դրություն ունի քաղաքացին»։

Հարցին, թե ինչպե՞ս է որոշվելու քաղաքացու ֆինանսական դրությունը, ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Մենք հիմա չենք ուզում դրան մանրամասն անդրադառնալ։ Դա նախագծի տեսքով է, և այնտեղ գրված է կանոնը՝ մի պարզ կանոն է գրված, որ պետք է հաշվի առնվի, մեխանիզմներն ավելի մանրամասն պետք է մշակվեն։ Իհարկե, մենք մեր մտքում, ես ինքս էլ ունեմ մի քանի մոդելներ աշխարհի տարբեր երկրներում ընդունված, որտեղ հաշվի են առնում նրանց միջին աշխատավարձը, եկամուտը՝ ինչպիսի եկամուտներ ունեն։ Այնտեղ մի շարք այլ բալային համակարգեր ու այլ գործիքներ կան, որոնք Հայաստանի Հանրապետությունում դեռևս այդքան էլ լավ կիրառություն չունեն, դրա համար սա նախագծի տեսքով է: Իսկ քննարկումները կտևեն որոշակի ժամանակահատված, ես հույսով եմ, որ հաջորդ տարի մենք ընդունված կունենանք այդ օրենսգիրքը, և այնտեղ արդեն հաշվի կառնենք թե՛ տուգանքների չափերի հետ կապված խնդիրը, թե՛ իմ ասած մեխանիզմը, որը թույլ կտա պարզապես արդարացի տարբերակում մտցնել»։

Ճշտող հարցին, թե ֆինանսապես ավելի անապահով խավն ավելի քի՞չ կվճարի, նախարարը պատասխանեց. - «Այո , ավելի քիչ կվճարի, գաղափարը դա է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG