Մատչելիության հղումներ

Արագաչափերից և կարմիր գծերից գոյացող գումարները կտնօրինի պետությունը


ՀՅԴ-ն ողջունում է նախագահի այս նախաձեռնությունը, նաև հայտարարելում, որ Հայաստանում հնարավոր է իրավիճակ փոխել միայն համակարգային փոփոխությունների և «իշխանության մոնոպոլիան» վերացնելու միջոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ Ոստիկանապետին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների միջոցով 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական և համայնքային կառույցներին փոխանցելու համար:

Այսօր կառավարության նիստի ժամանակ նույնօրինակ հանձնարարականներ տվեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հանձնարարվում է առաջինը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին, ըստ անհրաժեշտության ներգրավելով նաև ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկշաբաթյա ժամեկտում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված՝ վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին:

Երկրորդ․ ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ արդարադատության նախարարին՝ աջակցել Երևանի քաղաապետին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցություններին, մեկշաբաթյա ժամկետում ներկայացնելով իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը անցնեն համայնքային կառույցներին»,- կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց վարչապետը:

Ինչպե՞ս է պետությունը մասնավորի ձեռքից վերցնելու այս բիզնեսը, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն, այս հարցի առնչությամբ, պարզաբանեց՝ պետությունը փորձելու է իր վրա վերցնել այս ընկերությունների գործառույթները և հետևաբար՝ գումարներն էլ կտնօրինի պետությունը:

«Այն բոլոր գործառույթները, որը հնարավոր է, որ մենք մեր ուժերով իրականացնենք, պետությունն իր վրա կվերցնի այդ գործառույթները, մենք կփորձենք դա իրականացնել: Արդյունքում կլինի այն, որ միջոցները, որը տրամադրվում է մասնավորին, մի մասն էլ գնում է համակարգի պահպանմանը և բարելավմանը, դա իհարկե կշարունակի գնալ, որովհետև այդ համակարգը պետք է պահպանել: Այն մասը, որը գնում է որպես շահույթ, դա մեզ մոտ կդիտվի որպես խնայողություն»,- լրագրողներին ասաց Վարդան Արամյանը:

Իշխանության մաս կազմող Դաշնակցությունն այսօր ողջունեց նախագահի այս որոշումը՝ ընդգծելով․ գումարը, որ գանձվում է քաղաքացիներից տեսանկարահանող սարքերի և կարմի գծերի միջոցով, վերջապես պետք է տնօրինի պետությունը: Ինչ վերաբերում է իրավական կարգավորմանը, ապա, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, ձևեր կգտնվեն սեփականության իրավունքը, մյուս կողմից էլ՝ պետության շահերը պաշտպանելու համար:

«Իր ներդրումային ծախսերը․․․վստահ եմ, արդեն իրենք լիուլի բավարարված են և ստացած կլինեն, թեև իրենց հարցնես՝ կասեն ոչ: Բայց դա իրականությանը չի համապատասխանում, թվերին մենք էլ ենք տիրապետում: Իհարկե, հսկայական գումարների մասին է խոսքը: Եվ ուրեմն հասել է պահը, որ վերջակետ դրվի, այդ ամենը պետք է պետության ղեկավարման տակ անցնի, որ նաև հասկանանք, որ էդ տուգանքներն իսկապես, ի վերջո, ծառայելու են նույն քաղաքացուն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Ռուստամյանն ընդգծում է՝ այն, ինչ տեղի էր ունենում անցած տարիների ընթացքում, անարդար էր, և այդ անարդարությունը պետք է կասեցվեր:

«Ազատություն»- Իսկ ինչու՞ էր պետությունը տարիներ շարունակ աչք փակում այդ անարդարության վրա:

Ռուստամյան- Ես վստահ եմ, որ ներքին քննարկումներ եղել են, վերլուծություն եղել է, և դրա հիման վրա այս ամենը բացահայտվել է, կարծում եմ:

«Ազատություն»- Այսինքն՝ չգիտեի՞ն:

Ռուստամյան- Դե, ովքեր որ գիտեին, գիտեին: Բայց երբ ամփոփվում է բարձր մակարդակով, հասնում է մինչև նախագահ, էդ նշանակում է վերլուծական լայն աշխատանք է կատարվել, ուսումնասիրություն է կատարվել: Հիմա միշտ կարելի է ասել, որ ավելի շուտ էր պետք անել, ես էլ եմ դրան համաձայն: Բայց լավ է ուշ, քան երբեք:

«Ազատություն»- Դուք բացառու՞մ եք, որ այս կազմակերպություններն այս կամ այն կերպ կապված են բարձրագույն ղեկավարության հետ ու նաև դրա համար է, որ նրանք այսպիսի արտոնյալ պայմաններում հարստանում են:

Ռուստամյան- «Հայաստանում միշտ էլ էդպես է եղել՝ մոնոպոլ դիրք որևէ մեկը եթե ունի, էդ գալիս է իշխանության մոնոպոլ վիճակից: Հայաստանում միշտ մեծ հարստությունների հետևում մեծ հանցագործություններ կան, որը հենց կոռուպցիայի հետ է կապված, զանազան այլ չարաշահումների հետ է կապված, սրա վրա աչք փակել չի կարելի: Մենք միշտ դա ասել ենք: Դրա համար ենք ասում, որ համակարգային փոփոխություններն է ճանապարհը, էդ մոնոպոլ վիճակները բխում են քաղաքական մոնոպոլիայից, դա եթե մենք վերացրեցինք, ինքնստինքյան մնացած հարցերն էլ իրենց տեղը կնստեն»:

«Ազատություն»- Արդյո՞ք այս ամենը նախընտրական քայլ չէ, արդյո՞ք ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություներին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանը փորձում է սիրաշահել ժողովրդին:

Ռուստամյան- Ընտրությունների ժամանակ եթե էս ձևերով պետք է ձայն շահեն, շատ ավելի լավ է, քան թե ընտրակաշառքով կամ վարչական լծակներ կիրառելով, անօրինական մեթոդներով: Ավելի լավ է էսպես ազդեն հասարակության և ընտրողի վրա, քան թե էն մնացած զարտուղի ճանապարհները, որոնցից մենք միշտ դժգոհել ենք:

Հավելենք՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության իրավախախտումների արձանագրման կենտրոնի ղեկավար Արսեն Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեռևս տեղյակ չեն, թե հարցն իրավական առումով ինչպիսի լուծում է ստանալու: Սեփականատերերն այդ առնչությամբ դեռևս որևէ պարզաբանում չեն տվել:

«Սեքյուրիթի դրիմ»-ի ներկայացուցիչն, այդուհանդերձ, շեշտեց՝ իր կարծիքով մասնավոր ընկերությունն ավելի արդյունավետ կարող է իրականացնել այն գործառույթները, որոնք պետությունը ցանականում է վերցնել իր վրա: Ինչ վերաբերում է պնդմանը, թե ընկերությունը քաղաքացիների հաշվին գերշահույթներ է ստանում, Արսեն Ղազարյանն այդ կապակացությամբ ասաց՝

«Ես էդ հարստանալը չեմ տեսել, այսինքն, ձեր կողմից նշված մեր հիմնադիրները․․․ իրանց կյանքում, կենցաղում, մենք չենք տեսել էլի, որ իրանք ինչ-որ գերշահույթներ ունեցան: Փաստաթղթերում երևում են ծախսերը, ներդրված գումարները, 550 հոգանոց կոլեկտիվի միայն աշխատավարձերը որ հաշվեք, մոտ 80 միլիոն ամսական միայն աշխատավարձի ֆոնդն ա, որը գիտենք էլի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG