Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի հայտնի լրագրողը Շվեյցարիայում քաղաքական ապաստան է խնդրել


Առջևի պլանում՝ Ռաուֆ Միրկադիրով, արխիվ
Առջևի պլանում՝ Ռաուֆ Միրկադիրով, արխիվ

Ադրբեջանցի հայտնի լրագրող, ռուսերեն հրատարակվող «Զերկալո» թերթի նախկին մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը Շվեյցարիայում քաղաքական ապաստան է խնդրել: «Թուրան» գործակալությանը այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ֆաուդ Աղաևը:

Ադրբեջանում Միրկադիրովը վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական դավաճանության մեղադրանքով: Նրան մեղադրում էին Հայաստանի հետախուզության օգտին աշխատելու համար, և իբր նրան հավաքագրել էր իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Միրկադիրովը ձերբակալվել էր Թուրքիայում 2014 թվականին: Նրա դեմ հարուցված գործը համատեղ քննում էին Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները: Թուրքիան Միրկադիրովին հանձնել էր Ադրբեջանին, որտեղ էլ տեղի ունեցավ լրագրողի դատավարությունը: Դատավարությունում չնայած նրա դեմ հարուցած մեղադրանքերը չապացուցվեցին, այնուհանդերձ, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 2015-ի դեկտեմբերին լրագրողին դատապարտեց վեց տարվա ազատազրկման: Թուրքիայում ձերբակալվելուց հաշված գրեթե երկու տարի բանտում անցկացնելուց հետո վերաքննիչ դատարանի որոշմամբ Միրկադիրովը պայմանական ազատ արձակվեց՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների արդյունքում:

Լրագրողական գործունեության ընթացքում Միրկադիրովը սկզբում Բաքվում էր աշխատում, «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան էր, այնուհետև տեղափոխել էր Թուրքիա՝ որպես նույն թերթի թղթակից: Երբ նրան ձերբակալեցին, նրա ընտանիքը Թուրքիայում մնացել էր առանց գոյատևման միջոցների: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և Շվեյցարիայի իշխանությունների ջանքերով Միրկադիրովի կինն ու երկու երեխաները Շվեյցարիայում ապաստան ստացան:

Երեք ամիս առաջ Ադրբեջանի իշխանությունները Միրկադիրովին թույլատրեցին Շվեյցարիա մեկնել ընտանիքին տեսակցելու նպատակով: Սեպտեմբերի 16-ին նա Ադրբեջանից մեկնել է Շվեյցարիա, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել:

Իր որոշման մասին 55-ամյա լրագրողն ասել է, թե ցանկանում է վերամիավորվել ընտանիքի հետ, ինչպես նաև նշել է, որ իր նկատմամբ սպառնալիքը դեռ պահպանվում է՝ իր ազատությունն ու առողջությունը վտանգի տակ են, քանի որ մեղադրանքները մինչև հիմա հանված չեն:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Միրկադիրովին «խղճի բանտարկյալ» էին ճանաչել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG