Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցի լրագրողը դատապարտվեց 6 տարով՝ Հայաստանի օգտին «լրտեսության» մեղադրանքով


Ռաուֆ Միրկադիրովը «Ազատության» Բաքվի գրասենյակում, 2009թ․

Ռաուֆ Միրկադիրովը «Ազատության» Բաքվի գրասենյակում, 2009թ․

Միրկադիրովը «Ալիևի վերջին զոհերից է, որոնք հանդես են գալիս ռեժիմի քննադատությամբ», ընդգծում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Հայաստանի օգտին լրտեսության և դավաճանության մեջ մեղադրվող 54-ամյա հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին երեկ դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

Միրկադիրովի փաստաբան Ֆաուդ Աղաևը հայտարարել է, որ Միրկադիրովը քաղաքական է որակում իր նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հետապնդումները:

Նախքան 2014-ին իր ձերբակալությունը Միրկադիրովը թղթակցում էր Բաքվում լույս տեսնող «Զերկալո» ռուսալեզու թերթին:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Միրկադիրովին ազատազրկելը փորձում է հիմնավորել պնդումներով, թե հայկական հատուկ ծառայությունները 2008 թվականին հավաքագրել են լրագրողին, և նա տրամադրել է Ադրբեջանի վերաբերյալ տեղեկություններ: Ըստ մեղադրանքի՝ Միրկադիրովը «հայկական գործակալներին» հանդիպել է մի քանի անգամ՝ Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում, ու նրանց ապահովել է Ադրբեջանի վերաբերյալ «լուսանկարներով ու փաստաթղթերով, որոնք վնասել են Ադրբեջանի անվտանգությունը և պաշտպանական կարողությունները»:

Ըստ մեղադրանքի, Միրկադիրովը Հայաստանի օգտին լրտեսությամբ է զբաղվել իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների հետ միասին:

Լեյլա և Արիֆ Յունուսները, հիշեցնենք, ավելի վաղ դատապարտվել էին հարկերից խուսափելու, խարդախության մեղադրանքներով, սակայն նրանց առողջության հետ կապված խնդիրների պայմաններում վերաքննիչ դատարանը այս ամիս մեղմացրեց պատիժը՝ համապատասխանաբար 8․5 և 7 տարվա ազատազրկման դատավճիռները փոխարինելով պայմանական ազատազրկմամբ: Նրանց առաջադրված դավաճանության մեղադրանքով գործը դեռևս դատարան չի հասել:

Երեկ դատապարտված Միրկադիրովը հայտնի է Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հասցեին քննադատական հոդվածներով: Նա 2008 թվականին արժանացել է Արևելյան Եվրոպայի ազատ մամուլի մրցանակին՝ անկախ մամուլի ասպարեզում ներդրում անելու շնորհիվ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն անցած մեկուկես տարում Ադրբեջանի իշխանություններից պահանջել են դադարեցնել հետապնդումները լրագրողի նկատմամբ:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ լրագրողը «նախագահ Իլհամ Ալիևի վերջին զոհերից է, որոնք հանդես են գալիս ռեժիմի քննադատությամբ»:

Human Rights Watch-ը Միրկադիրովի դեմ Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած մեղադրանքը բնորոշել էր որպես «պատիժ՝ կարծիք արտահայտելու համար»:

XS
SM
MD
LG