Մատչելիության հղումներ

«Հանրապետություն»-ը դաշինք կկազմի միայն «իրական ընդդիմության» հետ


«Հանրապետություն» կուսակցությունը դաշինքային հարաբերությունների կողմնակից է, սակայն՝ միայն իրական ընդդիմության հետ: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Գարնանը անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պատրաստակամություն է հայտնում համագործակցել ընտրություններով իշխանափոխության գնացող բոլոր ուժերի հետ: Միասնական ընդդիմադիր ճակատով հանդես գալու կողմնակից է նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ պայմանով, որ ընդդիմադիր ուժերի հետ հետագայում մեկ կուսակցություն պետք է դառնան: Գործարար պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս չի հստակեցրել՝ արդյոք ընդդիմադիր քաղաքական դաշտ է վերադառնում և արդյոք կրկին իշխանափոխություն կպահանջի:

Հնարավոր համագործակցության վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության նախագահը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Մենք միանշանակ դաշինքային հարաբերությունների կողմնակից ենք ու միշտ ենք այդպիսին եղել, նաև կարողացել ենք զսպել մեր կուսակցության ամբիցիաները, զոհել դրանք՝ ընդհանուր շահի, գործի համար: Մենք ընտրությունների չենք մասնակցում տեղեր ունենալու համար՝ մենք ընտրություններին մասնակցում ենք իրական փոփոխություն ունենալու, համակարգային փոփոխության հասնելու և այս իշխանությանը փոխելու համար և խնդիր չենք դրել Հանրապետականի բարձր հովանու ներքո գնալ Ազգային ժողովում աշխատելու»:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում «իշխանությունը բուծում է իր համար նորանոր վասալների, որոնք պիտի ծառայեն իրեն, որոնք իր շահերը պիտի ներկայացնեն ընդդիմադիր դաշտում»: Հարցին, թե ո՞ւմ մասին է խոսքը, Սարգսյանն արձագանքեց․ - «Բազմաթիվ են․ սկսած Վիկտոր Դալլաքյանից՝ վերջացրած Գագիկ Ծառուկյանին նորից հետ կանչելով»:

«Եթե ընդդիմադիր ուժն ասում է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին որևէ օգուտ չի բերում, ու «իշխանության գալու դեպքում առաջին քայլը պիտի դուրս գամ էդ Եվրասիական միությունից», գոնե ասի, որ «դուրս եմ գալու», չասի, որ «միանալու եմ Եվրոպականին կամ․․․», գոնե ասում է, որ Եվրասիականից դուրս գալ է պետք, որովհետև նա անօգուտ է, այդ ուժը ընդդիմադիր է», - ընդգծեց նա:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է 2017-ի ընտրություններին ընդառաջ համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ, Արամ Սարգսյանը պատասխանեց․ - «Հայ ազգային կոնգրեսը պիտի հայտարարի, որ Եվրասիական միությունը ոչ թե կայացած փաստ է, այլ հենց կայացած փաստը հնարավոր է հաղթահարել, և այդ կայացած փաստը վնասակար է Հայաստանի համար: Եթե Հայ ազգային կոնգրեսը նման բան կհայտարարի, ուրիշ որևէ խոչընդոտ ես չեմ տեսնում»:

Եթե ՀԱԿ-ը դա չհայտարարի, համագործակցությունը, ըստ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի, բացառվում է․ - «Այդ դեպքում իմ համար իրենք իրական ընդդիմություն չեն, որովհետև իրական ընդդիմության համար մեկ մեխը ես տեսնում եմ այդտեղ՝ գոնե պիտի ասեն, որ Եվրասիականից դուրս գալ է պետք: Հակառակ դեպքում, ի՞նչ տարբերություն՝ Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ իրենք․ երկուսն էլ Պուտինին են ուզում ծառայել՝ Եվրասիական միության շրջանակներում, ուղղակի ասում են՝ «ես Նազարբաևից ավելի լավը կլինեմ, ավելի լավ կծառայեմ քեզ, Ռուսաստա՛ն, քո շահերն ավելի լավ կապահովեմ», կամ «ՄԱԿ-ում քո օգտին ավելի լավ կքվեարկեմ»: Տարբերությունը չկա»:

Արամ Սարգսյանը նաև համոզմունք հայտնեց, որ «Հայաստանում որևէ օլիգարխ չի կարող ընդդիմություն լինել՝ դա բացառված բան է»: «Մեր երկրի պայմաններում օլիգարխը ընդդիմադիր դառնալ չի կարող՝ նա ակնհայտ կսնանկանա, և Գագիկ Ծառուկյանի նախկին դուրս գալը դրա վառ ապացույցն էր: Հետևաբար, եթե նա վերադառնում է, միանշանակ իշխանության թույլտվությամբ է վերադառնում: Ինչի է իշխանությունը գնում դրան՝ որովհետև իշխանությունը լավ մտածել է այդ ուղղությամբ, ինքը տեսնում է, որ ինքը հեղինակություն չունի», - հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG