Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր հայտարարեց, որ հրաժարվում է և՛ կուսակցությունից, և՛ զբաղեցրած պաշտոնից և ներկայացուցչի գործունեությունից։ Ասում է՝ իշխանության հետ համագործակցության վերջին չորս տարիների ընթացքում ինքը քարեր էր հավաքում, հիմա արդեն եկել է քարերը նետելու ժամանակը։

«Հրաժարական եմ տալիս և ներկայացրել եմ հրաժարական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և Ազգային ժողովում Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դալլաքյանը՝ շարունակելով․ - «Երկրորդ՝ ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Երրորդ՝ ես հայտարարում եմ, որ այսուհետև վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն և ակտիվորեն մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին»:

Դալլաքյանը նաև հայտարարեց, որ եթե առաջիկայում իր կամ իր ընտանիքի անդամների հետ «որևէ բան պատահի», դրա պատասխանատուն կլինի նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանում օտարերկրյա դեսպանների ուշադրությունը հրավիրեց իր այդ հայտարարության վրա։

Արդեն նախկին հանրապետականը պետական հանցագործության մեջ մեղադրեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթել էր նրան: Դալլաքյանի խոսքով, Մարուքյանը ընտրվելուց առաջ մեկ ու կես տարի Հայաստանում չի ապրել և խախտել է ընտրական օրենսգիրքը: - «Չորս լրագրողական հետաքննություն է իրականացվել, որևէ պատասխան սրան չի ստացվել, որովհետև այս հանցագործությունը կազմակերպվել է Սերժ Սարգսյանի հրահանգով և այդ հանցագործության բուրգին նստած են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը»:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը, ով Սերժ Սարգսյանին մեղադրեց հանցագործության մեջ, ասում է՝ իր այսօրվա որոշումն անակնկալ էր բոլորի համար, առավոտյան դիմումները հանձնել է նախագահական նստավայր և եկել ասուլիսի։

Ի պատասխան շրջանառվող լուրերին, թե նրա նորաստեղծ կուսակցությանը անդամակցելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Դալաքյանն ասաց. - «Սեյրան Օհանյանը իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ հրապարակային չկատարած անձնավորության ծրագրերի հետ կապված որևէ գնահատական տալ՝ սա մեկ: Եվ երկրորդը՝ ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը, և կարծում եմ, որ ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, որպեսզի նման պետական, ռազմական գործիչը համագործակցեր այդ կուսակցության հետ»:

Արձագանքելով Վիկտոր Դալլաքյանի հնչեցրած մեղադրանքներին՝ Էդմոն Մարուքյանն ասաց՝ այդ մասին ինքը լսում է չորս տարի շարունակ, հիմա, ուղղակի, Դալաքյանը որոշել է անձամբ հնչեցնել դրանք․ - «Ինքը բողոքարկել է, ԸԸՀ-ն մերժել է, և ուզեցել է դիմել ՍԴ՝ ասել են, որ դիմումդ մերժվելու է, հիմք չունես, և սկսել է աշխատել նախագահի ներկայացուցիչ, պետական ռեսուրսներից չորս տարի օգտվել, իր հարազատներին աշխատանքի տեղավորել, և այսօր հիշել է, որ ինքը պետք է էլի դառնա ընդդիմադիր»:

Մարուքյանը կարծիք հայտնեց, որ Դալլաքյանի՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից հրաժարվելը և Հանրապետականից դուրս գալը համաձայնեցվել են Սերժ Սարգսյանի հետ:

«Միանշանակ պլանավորված բան է: Պառլամենտական ընտրություններ են սպասվում, կան նոր ուժեր դաշտում, և պետք է հին, օգտագործված ինչ-որ մարդիկ մտնեն դաշտ և դաշտը ապականեն, խառնաշփոթ մտցնեն: Ես կարծում եմ, որ դա չի ստացվելու, որովհետև արդեն մեր քաղաքական համակարգը բավականին փոխվել է, 21-րդ դարն է, և ես չգիտեմ մեկին, ով Վիկտոր Դալլաքյանի ասած բաները կարող է հաշվի առնել», - պնդեց պատգամավորը, - «Այս ընտրություններում էլ նա Վանաձորում ակտիվ աջակցել է Մամիկոն Ասլանյանի թեկնածությանը, և էլի տեսանք ինչ ֆիասկո են իրենք ապրել»:

«Ազատության» դիտարկմանը, թե Դալլաքյանն այսօր հայտարարել է, որ իրեն և իր ընտանիքի անդամներին կարող է ինչ-որ բան պատահել և դրանում մեղավոր կլինի Սերժ Սարգսյանը, վանաձորցի պատգամավորը հակադարձեց․ - «Վիկտոր Դալլաքյանը իրենց ոչ մի բան չի ներկայացնում, որ իրեն սպառնան, կամ իր ընտանիքի անդամներին, որոնք բոլորը պետական աշխատողներ են, և այս առումով սա հերթական, 90-ականների տրյուկներից է, որը արդեն չի անցնում: Ես այն ժամանակ էլ եմ հիշում, որ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ելույթ ունեցավ ու ասաց՝ եթե այսուհետ ինձ մի բան լինի, իշխանությունն է պատասխանատու: Մինչև հիմա իրեն բան չի եղել, մինչև հիմա աշխատում էր նախագահականում, ծառայողական մեքենայով ԱԺ դարպասից ներս էր մտնում, դուրս էր գալիս և չորս տարի պետական ռեսուրսից օգտվում էր, նոր հիշեց, որ հանցագործություններ են անում մարդիկ»:

Ինչ վերաբերում է Դալլաքյանի պնդումներին, թե Սերժ Սարգսյանը ինչ-որ կապ ունի իր՝ պատգամավոր ընտրվելու հետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը հիշեցրեց. - «Սերժ Սարգսյանը Վանաձոր քաղաքի հրապարակում ասել է՝ մենք պաշտպանում ենք Վիկտոր Դալլաքյանին, ամեն ինչ արել են, որ ընտրվի Վիկտոր Դալլաքյանը, բայց նա պարտություն է կրել»:

XS
SM
MD
LG