Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ավարտին մոտեցող քարոզարշավն ավելի ու ավելի է սրվում


Գերտերություններից մեկի՝ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ քարոզարշավը հոլիվուդյան թրեյլեր է հիշեցնում:

Հետաքննությունների դաշնային գործակալության ղեկավարը սկանդալային նամակագրություն է բացահայտում՝ ոչ պակաս սկանդալային մանրամասներով: Թեկնածուները միմյանց մեղադրում են կոռուպցիայի և հակառակորդի երկրի՝ Ռուսաստանի հետ համագործակցելու մեջ: Ընդ որում, երկուսն էլ վստահ են, որ մրցակցի հաղթանակի դեպքում Նահանգներին սպասում է անխուսափելի անկում, չի բացառվում անգամ՝ երրորդ համաշխարհային պատերազմ:

«Չի կարելի միջուկային զենք վստահել մեկին, ում կարելի է հունից հանել ընդամենը մեկ հարցով կամ մեկ գրառմամբ», - հայտարարում է դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: - «Ընտրություններին ընդամենը 8 օր է մնացել, մենք սպասելու ժամանակ այլևս չունենք: Դոնալդ Թրամփը պարտավոր է անհապաղ բացահայտել իր կապերը Կրեմլի և նրանց մերձավորների հետ: Ամերիկացի ընտրողն իրավունք ունի իմանալ, թե ինչ է թաքնված այդ ամենի հետևում, և թե ինչպես կարող են այդ ամենն օգտագործելով ռուսները ազդել մեր ընտրությունների վրա»:

Միլիարդատեր, հանրապետական թեկնածու Թրամփը շարունակում է պնդել, թե Քլինթոնը ժամանակին սեփական շահերին է ծառայեցրել պետքարտուղարի պաշտոնը՝ ամերիկացիներից թաքցնելով հազարավոր նամակներ․ - «Հետաքննությունների դաշնային գործակալության գտած նոր նամակները հարուստ հանքանյութ են, որից դեռ այնքան բան կարող է դուրս գալ Քլինթոնի դեմ: Հավատացնում եմ, սա ամենամեծ սկանդալն է Ուոթերգեյթից հետո»:

«Եթե Հիլարին ընտրվի, տևական քրեական հետապնդման է ենթարկվելու, որն ամենայն հավանականությամբ կավարտվի դատարանում: Քննությունը կշարունակվի տարիներ: Այդ ընթացքում որևէ բան հնարավոր չի լինի անել, կառավարության գործողությունները սառեցված կլինեն, ինչից կտուժի մեր երկիրը: Հիլարիի կոռուպցիան սպառնալիք է ժողովրդավարությանը, և սա կանգնեցնելու միակ ճանապարհն է նոյեմբերի 8-ին գնալ ընտատեղամասեր և քվեարկել», - հայտարարել է Թրամփը:

Վճռորոշ քվեարկությունից օրեր առաջ քարոզարշավի գլխավոր հերոսներից մեկն է դարձել Հետաքննությունների դաշնային գործակալության ղեկավար Ջեյմս Քոմին: Դիմակայելով դեմոկրատների քննադատությանը՝ նա անցած շաբաթավերջին հայտարարեց, թե Հիլարի Քլինթոնի դեմ քննությունը վերաբացվել է, քանի որ հայտնաբերվել են պետքարտուղարի պաշտոնում անձնական սերվերից ուղարկված նոր նամակներ:

Ընդ որում, այս նամակներից ոչ պակաս աղմկահարույց է դրանց հայտնաբերման բուն պատմությունը: Իրավապահները Քլինթոնի նամակագրությունը գտել են նրա օգնական Համա Աբեդինի ամուսնու՝ Նյու Յորքի նախկին կոնգրեսական Էնթոնի Վիների համակարգչում, ով տարիներ առաջ հայտնվել էր սեքսուալ սկանդալի կիզակետում: Հիմա Վիները իրավապահների ուշադրության կենտրոնում է անչափահաս մի աղջկա սեքսուալ բնույթի տեքստեր ուղարկելու մեղադրանքով: Եվ հենց այդ գործը քննելիս էլ, ըստ պաշտոնական վարկածի, ջրի երես են դուրս եկել Քլինթոնի հազարավոր նամակները:

Առայժմ, սակայն, հստակ չէ, թե ինչպես են օգնականին հասցեագրված նամակները հայտնվել նրա ամուսնու համակարգչում: Ինքը՝ Համա Աբեդինը պնդում է, որ ոչնչից տեղյակ չի եղել:

Մեկը մյուսին հաջորդող այս սկանդալներից ու փոխադարձ մեղադրանքներից հետ, ըստ վերջին հարցումների, Քլինթոնի առավելությունը Թրամփի նկատմամբ հետզհետե կրճատվում է: Առայժմ, սակայն, դժվար է ասել՝ արդյո՞ք միլիարդատեր գործարարին կհաջողվի ի վերջո Սպիտակ տուն մտնել՝ հաշվի առելով այն փաստը, որ միլիոնավոր ամերիկացիներ նախնական քվեարկությամբ արդեն կատարել են իրենց ընտրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG