Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի գործով դատավարությունը հետաձգվեց


Իրավապահների և ցուցարարների բախումը Խորենացի փողոցում: 29-ը հուլիսի, 2016 թ․

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցի բախումներից հետո կալանավորված Արարատ Խանդոյանին և Արման Առաքելյանին այսօր դատական նիստերի դահլիճում ծափողջույններով դիմավորեցին:

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավողներից «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ ազատամարտիկ Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ: Այդ օրվա բախումներից, ըստ իրավապահների, տուժել է 46 ոստիկան, նրանցից 14-ն այսօր դատարանի դահլիճում էին:

Այս գործով մյուս մեղադրյալը՝ Արման Առաքելյանը, ըստ մեղադրական եզրակացության, բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` առարկա նետել, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց:

Նույնպիսի գործողություններ են վերագրվում նաև Արարատ Խանդոյանին: Ավելացված է միայն այն, որ նա քաշքշել և փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Դատարանի դահլիճում Խանդոյանը, պատասխանելով դատավոր Մնացական Մարտիրոսյանի հարցերին, հայտարարեց․ - «Իմ իրավունքներն արդեն խախտվել են: Իմ քաղաքական հայացքների համար ուղղակի շինծու քրեական գործով են դատում»:

Առաքելյանի և Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը դատարանից խնդրեց հետաձգել այսօրվա նիստը, որպեսզի ինքը կարողանա գործով ներկայացված բոլոր նյութերին ծանոթանալ ամբողջական ծավալով: Երբ դատավորը հայտարարեց նիստի հետաձգման մասին, Խանդոյանին ու Առաքելյանին ոգևորող ծափեր, իսկ դահլիճի կեսը զբաղեցրած տուժած ոստիկանների հասցեին՝ վիրավորական խոսքեր հնչեցին:

Թե՛ Արարատ Խանդոյանին և թե՛ Արման Առաքելյանին սպառնում է մինչև 8 տարվա ազատարկում: Նրանց փաստաբան Արա Ղարագյոզյանը պնդեց, որ իր վստահորդներն անազատության մեջ են միայն ոստիկանների ցուցմունքի հիման, ինչն անօրինական է: Փաստաբանը նաև չի բացառում, որ հիմնականում քաղաքական գործեր, այդ թվում նաև Մարտի 1-ի գործը քննած դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն հետագայում ներկայացնեն:

«Մեղադրանքի հիմքում դրված են ոստիկանների ցուցմունքները և տեսանյութը: Բայց տեսանյութով որևէ բան չի ապացուցվում: Պարզապես քաշքշուկ է ոստիկանների և քաղաքացիների միջև: Միայն ոստիկանների ցուցմունքով չի կարող անձը կալանավորվել: Իմ երկու պաշտպանյալներն էլ հիմա անօրինական գտնվում են կալանքի տակ», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը՝ շարունակելով․ - «Կալանքը այս երեք ամիսների ընթացքում պարբերաբար բողոքարկվեց, գրավի միջնորդություններ ներկայացվեցին՝ չբավարարվեցին: Դաժե դատավորը առանց պաշտպանական կողմի դատական նիստեր անցկացրեց: Դա հաստատում է, որ մենք չունենք արդարադատություն, և իրականացվում է քաղաքական պատվեր»:

Արարատ Խանդոյանի մայրը՝ Ռիմա Խանդոյանը, պատասխանելով «Ազատության» հարցերին, ասաց, որ անազատության մեջ գտնվող երկու որդիները՝ Արայիկն ու Արարատը առողջական լուրջ խնդիրներ ունեն․ - «Մի պոչկա ունի [Արարատը], լյարդի մեկ չորրորդ մասը հեռացված է, փայծաղ չունի, հաստ աղիքը երեսուն սանտի կտրված է․․․»

XS
SM
MD
LG