Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց «Սասնա ծռեր»-ից Արայիկ Խանդոյանի դիմումը. նա կմնա ճաղերի հետևում


Արայիկ Խանդոյան, արխիվ
Արայիկ Խանդոյան, արխիվ

Վերաքննիչ դատարանն այսօր դատարանի դահլիճից հեռացրեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանին։

Պաշտպանները պատմեցին, որ Խանդոյանը, ինչպես և նախորդ դատական նիստերին, հայտարարությամբ է հանդես եկել, ինչը դատավորը որակել է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ ու որոշել հեռացնել նրան նիստերից դահլիճից։

Վերաքննիչ քրեական դատարանը նաև մերժեց Խանդոյանի դիմումը՝ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու ազատ արձակել «Սասնա ծռեր»-ի անդամին։

Պաշտպանի պնդմամբ, դատարանը, ինչպես և «Սասնա ծռեր»-ի մյուս անդամների դեպքում, ապօրինի որոշում կայացրեց՝ հաստատելով Հատուկ քննչական ծառայության տեսակետը, թե «Ծռեր»-ը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտեն նախաքննությանը, կամ էլ կթաքնվեն։ Մինչդեռ, ինչպես փոխանցեց Արայիկ Պապիկյանը, դատարանը չհիմնավորեց իր այս դիրքորոշումը։

«Դատարանից որևէ այլ բան չէինք էլ սպասում։ Մենք դատական նիստի ժամանակ էլ հայտարարեցինք, բազմիցս ասել ենք՝ դատարանները կոնկրետ այս գործով արդարադատություն չեն իրականացնում, և մենք նշեցինք, որ, եթե դատարանն իրականացնի արդարադատություն, ապա առաջին ատյանում կալանավորման մասին որոշում չէր կայացվի Խանդոյանի դեմ։ Ակնկալում էի, որ գոնե վերաքննիչ դատարանը կիրականացներ արդարադատություն, այլապես առնվազն կարող ենք կարճ ասել, ուղղակի քաղաքական պատվեր էր», - ասաց պաշտպանը։

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու մեջ։

Նրա պաշտպանն ասում է, թե անցած երկուսուկես ամսվա ընթացքում գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանքը չի հստակեցնում։

«Նման պայմաններում ի՞նչ կալանքի մասին կարող է խոսք լինել, զուգահեռաբար ևս չորս գործ միացրեցին այս գործին։ Հայաստանում քննվող բոլոր գործերն անգամ միացնելու դեպքում դա դեռ չի նշանակում, որ Խանդոյանը հանցագործ է և նա պետք է մնա կալանքի տակ։ Այսինքն, մենք նշել ենք, որ նման պայմաններում անձին կալանավորելն անհիմն է, իսկ կալանավորելու դեպքում գոնե պետք է կիրառվի խափանման այլընտրանքային միջոց», - ասաց Պապիկյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է մեղադրանքն անհիմն, փաստաբանը պատասխանեց. - «Որովհետև հստակ մեղադրանք չկա, հիմնավոր կասկածի վերաբերյալ գործում նյութեր չկան, դատարանին ներկայացրած նյութեր չկան, խափանման միջոցի հետ կապված նյութերի մասին է խոսքը, հետևաբար բացակայում են կալանավորման հիմքերը»։

Արայիկ Խանդոյանի պաշտպանները որոշումը կբողոքարկեն վճռաբեկ դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG