Մատչելիության հղումներ

Շոյգու․ Արևմուտքը պետք է կողմնորոշվի՝ ահաբեկիչների՞ հետ է պատերազմում, թե՞ Ռուսաստանի


Սերգեյ Շոյգու, արխիվ

Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցով քաղաքական գործընթացների մեկնարկը հետաձգվում է անորոշ ժամանակով՝ Հալեպում զինյալների գործողությունների պատճառով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելու համար պետք է գործել տեղյակ պահելով, այլ ոչ թե խոչընդոտել գործընկերներին: Չէ՞ որ զինյալներն օգտվում են դրանից: Արդյունքում՝ քաղաքական գործընթացի մեկնարկի և խաղաղ կյանք վերադառնալու սիրիացի ժողովրդի հեռանկարները հետաձգվում են անորոշ ժամանակով», - հայտարարել է նա:

Ռուսաստանցի նախարարի խոսքով՝ արևմտյան երկրները «պետք է կողմնորոշվեն՝ ում հետ են նրանք պատերազմում՝ ահաբեկիչների՞, թե՞ Ռուսաստանի»:

Շոյգուն շեշտել է, որ ռուսաստանցի զինվորականները արդեն 16 օր Հալեպում օդուժ չեն կիրառել:

Նախօրեին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել էր, թե խորապես ցնցված է Հալեպում զինյալների կողմից խաղաղ բնակչությանը որպես թիրախ ընտրելու փաստից: Նրա խոսքով՝ երկու օրվա ընթացքում Հալեպի արևմտյան մասում անողոք հրթիռակոծության հետևանքով սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG