Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն կունենա նորընտիր խորհրդարանում


Գորիի ընտրատեղամասերից մեկում: 30-ը հոկտեմբերի, 2016 թ․

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով իշխող «Վրացական երազանքն» ամրապնդեց հաղթանակը՝ ստանալով գերագույն օրենսդիր մարմնի 150 մանդատներից 115-ը, ինչը նշանակում է, որ իշխող ուժը հնարավորություն ստացավ առաջիկայում առանց խնդիրների փոփոխություններ և լրացումներ կատարել երկրի Սահմանադրությունում:

Միլիարդատեր գործարար Բիձինա Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանքի» թեկնածուները, ըստ նախնական տվյալների, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են 50 միամանդատ շրջաններից 48-ում: Մյուս երկու մանդատները բաժին են հասել անկախ թեկնածուներին:

Այսպիսով երկու փուլով անցկացված ընտրությունների արդյունքներով Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանին այդպես էլ բախտ չվիճակվեց լինել բազմակուսակցական: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կարծիքով, այս պատկերը արտացոլում է վրաց հասարակության ցանկությունները:

«Ոոոշակի իմաստով դա հասարակության պատվերն էր: Միևնույն ժամանակ, սակայն, ցանկանում եմ հասարակությանը հիշեցնել, որ քաղաքական գործունեությունը չի ավարտվում ընտրություններով, այլ սկսվում է», - իր շնորհավորական ուղերձում հայտարարել է Վրաստանի նախագահը՝ ժողովրդին հորդորելով մասնակցել բանավեճերին, ակտիվ քաղաքական երկխոսությանը և հսկել իշխանությանը:

Նորընտրիր խորհրդարանը, ըստ երկրի Սահմանադրության, առաջին նիստը պետք է գումարի առաջիկա 20 օրվա ընթացքում՝ մինչև նոյեմբերի 19-ը: Վրացական մամուլը գրում է, որ որպես խորհրդարանի ղեկավարի թեկնածու շրջանառվում է «Վրացական երազանք»-ի նախընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեի անունը:

Իսկ դրանից առաջ՝ առաջիկա 7 օրվա ընթացքում երկրի նախագահը պետք է առաջադրի խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող վարչապետի թեկնածուին:

Մինչև 2020 թվականը երկրի իշխանության ղեկը ստանձնած «Վրացական երազանքը», ինչպես հայտարարել է կուսակցության առաջնորդներից Էկա Բեսելիան, երկրի վարչապետի պաշտոնում տեսնում են գործող վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Թեժ ընտրապայքարից հետո հաղթանակ տոնող «Վրացական երազանքը» շտապում է փարատել ընդդիմախոսների մտահոգությունը, մասնավորապես, սահմանադրական փոփոխություններ կատարելու իրենց մտահոգության շուրջ: Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո, հիշեցնենք, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները չթաքցրին, որ պատրաստվում են փոխոխության ենթարկել երկրի հիմնական օրենքը՝ վերացնելով նախագահի ուղղակի ընտրությունը և կրճատելով նախագահի լիազորությունները: Նաև խորհրդարանը Քութայիսիից տեղափոխել Թբիլիսի և սահմանադրորեն հստակեցնել, որ ամուսնությունը «տղամարդու և կնոջ միջև կապն է»:

Այս հայտարարությունները զայրույթի մեծ ալիք բարձրացրին ոչ միայն ընդդիմախոսների՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության, այլև երկրի լիբերալ հատվածի ներկայացուցիչների շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG