Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով` Լևոն Գալստյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։
Նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, նախագահի կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը, հոկտեմբերի 26-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 17 թեկնածուներից հաղթող ճանաչել Լևոն Վազգենի Գալստյանին՝ հաշվի առնելով լրագրության բնագավառում, հատկապես՝ հեռուստատեսությունում և ռադիոյում նրա երկարամյա աշխատանքային փորձը, այդ բնագավառում ունեցած ակնառու հաջողությունները, կրթության և գիտության բնագավառում գործունեությունը, ինչպես նաև հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:
Լևոն Գալստյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1991 թվականին նա աշխատանքի է անցել Հայաստանի հեռուստառադիոպետկոմի գիտահանրամատչելի և ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագիր, 1997-1998 թվականներին աշխատել է կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնում՝ հանրակրթության գծով, 1998-2004 թվականներին ղեկավարել է Լեզվի պետական տեսչությունը։
Գալստյանը 2004 թվականին աշխատանքի է անցել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական, այնուհետև նշանակվել է Հանրային ռադիոընկերության գլխավոր պրոդյուսեր, 2006-ից 2012 թվականին եղել է Հանրային հեռուստաընկերության «Երևան» ստուդիայի ղեկավարը, 2012 թվականին նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի, իսկ 2013 թ-ին՝ Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագրի պաշտոնում, ապա աշխատել որպես եթերի և կրկնօրինակումների պատասխանատու խմբագիր-թարգմանիչ: