Բելառուս աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, այսօր հաղորդում է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ընդգծելով այն հանգամանքը, որ երկու երկրներին նախևառաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, Կարապետյանն ու Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ և հեռանկարներ է ուրվագծում, ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի վարչապետը երեկ Բելառուսի մայրաքաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` նեղ կազմով նիստին հաջորդել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքները:
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով խորհրդի նիստին իր ելույթում Կարեն Կարապետյանը, մասնավորապես, հայտարարել է․ - «Կարծում եմ՝ մենք բոլորս հավասարապես կիսում ենք այն մոտեցումը, որ միջազգային համագործակցությունը, որն ընթանում է ԵԱՏՄ արտաքին առևտրային քաղաքականության ձևավորման, երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման հունով, առաջին հերթին կոչված է նպաստելու անդամ-պետությունների ազգային տնտեսությունների արդիականացմանը և նրանց մրցունակության մակարդակի բարձրացմանը:
Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային և բազմաձևաչափ փոխգործակցության ընդլայնումը պետք է հիմնված լինի իրական նախադրյալների վրա և կառուցվի՝ հաշվի առնելով երրորդ երկրների իրական պատրաստությունը փոխգործակցություն հաստատելու ինչպես ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ-պետության հետ առանձին, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ»:
«Ի նկատի ունենալով անդամ-պետություններում տարբեր իրավական կարգավորումների առկայությունը, մենք լիովին կիսում ենք ԵԱՏՄ մաքսային տարածքում հետագծելիության մեխանիզմի ներդրման միջոցով ապրանքների շրջանառության օրինականության ապահովման վրա հիմնված մոտեցումը: Տվյալ մեխանիզմը պետք է ներդրվի այդպիսի եղանակով, որ դրա գործարկումը հակասության մեջ չմտնի մեր միության հիմնասյուներից մեկի՝ ապրանքների տեղափոխման ազատության հետ: Ուստի մենք պատրաստ ենք ակտիվ փոխգործակցությանը պետությունների հետ՝ այդ կապակցությամբ առկա հարցերի քննարկման համար: Կարծում, եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը թույլ կտան ինտեգրացիոն գործընթացներում էական առաջընթացի հասնել», - ասել է Հայաստանի վարչապետը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին քննարկվել և հավանության է արժանացել մի շարք նախագծեր: Մասնավորապես խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ մարմինների 2017 թվականի միասնական բյուջեի ու 2015 թվականի միասնական բյուջեի կատարողականի նախագծերին: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հատկապես կարևորվել է կառույցի՝ երրորդ երկրների հետ համագործակցության շուրջ աշխատանքների ինտենսիվացումը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերը: Մասնավորապես ընդգծվել է, որ մի շարք երկրներ հետաքրքրություն են դրսևորում ԵԱՏՄ-ի հետ տարբեր ձևաչափերում համագործակցության շուրջ, ինչի ուղղությամբ համապատասխան քայլեր են իրականացվում:
Միջկառավարական խորհրդի մասնակիցները շնորհավորել են Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների ղեկավարներին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու և խորհրդի աշխատանքներին առաջին անգամ մասնակցելու կապակցությամբ: