Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանականներին։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի անդամներին։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ է արվել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման նպատակով համատեղ ձեռնարկվող ջանքերին և իրականացվող ծրագրերին։ Այս համատեքստում շեշտվել է խորհրդարանականների կարևոր դերակատարությունը։
Նալբանդյանը խորհրդարանականներին ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ֆրանսիացի օրենսդիրներին տեղեկացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին։
Էդվարդ Նալբանդյանը և ֆրանսիացի խորհրդարանականներն անդրադարձան մի շարք արդիական տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման հնարավորություններին։