Մատչելիության հղումներ

Ամրապնդվելու է Չինաստանի և Հայաստանի իրավապահների գործակցությունը


Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի ոստիկանության փոխանցմամբ, Վլադիմիր Գասպարյանը կարևորել է Հայաստանի ոստիկանության և Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցության դինամիկ զարգացումն ու խորացումը հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ:

Լի Վեյը հավաստել է, որ Չինաստանի և Հայաստանի իրավապահների գործակցությունն ամրապնդվելու է, քանի որ ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, մասնավորապես, հասարակական կարգի ապահովման, կիբերհանցավորության, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտրի, ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի տեղեկատվական անվտանգության ապահովման, փորձաքրեագիտական հետազոտությունների և փորձաքննությունների, մասնագիտական դասընթացների ու վերապատրաստման ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ընդունելությանը նախորդել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի աշխատանքային հանդիպումը Լի Վեյի գլխավորած պատվիրակության հետ:

Հունան Պողոսյանը գոհունակություն է հայտնել երկու գերատեսչությունների միջև 2015 թվականին Պեկինում կնքված համաձայնագրի դրույթների կենսագործման կապակցությամբ՝ նշելով, որ տեղի են ունեցել մի շարք գործնական հանդիպումներ չինացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների փոխգործակցության հարցեր, արձանագրություն է ստորագրվել ՀՀ ոստիկանությանը ոստիկանական սարքավորումներ և անհատույց օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, հայ իրավապահները մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կազմակերպված մի շարք մասնագիտական դասընթացների, սերտացել է գործակցությունը հետախուզման, տնտեսական հանցագործությունների, ինչպես և կիբերհանցագործությունների ու թմրամիջոցների անօրինական շրջանառության բացահայտման ուղղությամբ:

Լի Վեյը հավաստացրել է, որ արդյունավետ փոխգործակցությունը նախանշված բոլոր ոլորտներում շարունակվելու է՝ ի շահ հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարության միջև ստորագրվել է ահաբեկչության, կիբերհանցավորության և թմրամիջոցների անօրիանական շրջանառության դեմ պայքարի ոլորոտում համագործակցության համաձայնագիր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG