Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյանը հրաժարվել է MediaTakeOut-ի դեմ հարուցած հայցից


Քիմ Քարդաշյան, արխիվ
Քիմ Քարդաշյան, արխիվ

Քիմ Քարդաշյանը հրաժարվել է MediaTakeOut կայքի դեմ հարուցած հայցից, քանի որ կայքը հերքում է տպագրել և ներողություն խնդրել։

Ամերիկահայ հեռուստաաստղի փաստաբանն ասել է, որ կողմերը արտադատական հաշտության են եկել։

MediaTakeOut կայքը, որը «դեղին մամուլ» է համարվում, հոկտեմբերին գրել էր, որ Քիմ Քարդաշյանը Փարիզում իր թանկարժեք զարդերը գողանալու մասին կեղծ լուր էր հաղորդել։ Ըստ կայքի, Քարդաշյանը կեղծ հարձակում, կողոպուտ էր բեմականացրել, որպեսզի ստանա թանկարժեք զարդերի ապահովագրած գումարը, ինչը բավականին մեծ թիվ է կազմում ՝ 5 միլիոն 600 հազար դոլար։

Այդ կայքը Քարդաշյանի դեմ մի քանի հոդված էր հրապարակել՝ նրան անվանելով ստախոս և հանցագործ։

Կայքը հրաժարվել էր հերքում տպագրել, և Քիմ Քարդաշյանն իրեն զրպարտելու մեղադրանքով հայց էր ներկայացրել Նյու Յորքի Դաշնային դատարան։ Սակայն երկուշաբթի օրը կայքն իր նախկին հրապարակումները հերքել է, ներողություն է խնդրել, ինչից հետո Քիմ Քարդաշյանը հրաժարվել է իր հայցից։

Հոկտեմբերի սկզբին լրատվամիջոցները հաղորդեցին, որ Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտել են։ Հյուրանոցում ոստիկանական համազգեստով հանցագործները զենքի սպառնալիքով տարել էին նրա մոտավորապես 10 միլիոն արժողությամբ թանկարժեք քարերով զարդերը։

Փարիզի ոստիկանությունը հետաքննում է այդ գործը։ Փարիզի ոստիկանապետ Քրիստիան Սենթն ասել է՝ կասկած չկա, որ Քարդաշյանին իրոք կողոպտել են։

Նա խոսել է կողոպուտից մոտավորապես մեկևկես ամիս անց։ Cosmopolitan հանդեսը գրում է, որ երբ կողոպուտից հետո գիշերվա ժամը 3-ին ոստիկանության սպան զանգահարել է Փարիզի ոստիկանապետին և հայտնել զինված կողոպուտի մասին, ոստիկանապետը չի իմացել, թե ով է Քարդաշյանը։ Նա մոտեցել է համակարգչին, հավաքել Քարդաշյան բառը և հիմա գրեթե ամեն ինչ գիտի Քարդաշյանի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG