Մատչելիության հղումներ

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեքշաբթի օրը դատական հայց է ներկայացրել MediaTakeOut կայքի դեմ։

Հանրաճանաչ մարդկանց մասին բամբասող այս ինտերնետային կայքը գրել էր, թե Քարդաշյանը ստել է, որ այս ամսվա սկզբին Փարիզում իրեն կողոպտել են՝ զենքի սպառնալիքով։

Reuters-ի փոխանցմամբ, կայքէջի դեմ Քարդաշյանը հայց է ներկայացրել Նյու Յորքի դաշնային դատարան։ Ըստ այս կայքի հաղորդման, Քարդաշյանը հարձակում էր բեմականացրել։

Հայցով Քարդաշյանը պահանջում է զրպարտելու համար պատասխանող կողմ ճանաչել կայքը և դրա հիմնադրին։ Հայցում նշված է, որ կայքի հիմնադիրը հրաժարվել է հերքում տպագրել և ներողություն խնդրել Քարդաշյանին սուտասան և հանցագործ կոչելու համար։

Reuters-ի փոխանցմամբ, կայքը չի արձագանքել մեկնաբանություններ տալու իրենց խնդրանքին։

Հիշեցնենք, անցած շաբաթ հաղորդվել էր, որ զինված մարդիկ Քիմ Քարդաշյանին հոկտեմբերի 3-ին Փարիզում կողոպտել են։ Հյուրանոցի համարում ատրճանակը պահելով նրա գլխին՝ նրանք մոտավորապես 10 միլիոն արժողությամբ զարդեր են տարել։

Այս միջադեպից հետո Քարդաշյանի հեռուստաշոուն դադարի մեջ է։ Նրա քույրը՝ Քլոե Քարդաշյանը TIME հանդեսին ասել է, թե Քիմը դեռ չի վերականգնվել «էմոցիոնալ ահաբեկչությունից», երբ անցած շաբաթ զինված կողոպուտի է ենթարկվել Փարիզում։

«Նրա հետ տեղի ունեցածը սարսափելի է», - ասել է Քլոե Քարդաշյանը՝ ավելացնելով, որ տեղի ունեցած միջադեպը սթափեցնող զանգ է իրենց համար, ում ընտանիքի անդամների անհատական տվյալների, գտնվելու վայրի և թանկարժեք զարդեղենի մասին հաճախ է գրվում սոցցանցերում։ Նա նշել է, թե անհրաժեշտ է ապրելաոճում շատ շտկումներ կատարել։

Ավելացնենք, որ Քիմ Քարդաշյանին կողոպտելու հաջորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, երկու զինված մարդ Փարիզի իր բնակարանում կողոպտել են թայվանցի միլիարդատեր, մի շարք հանդեսների հրատարակիչ Շավ-Լան Վանգին։ Երեկ այս մասին հաղորդեց France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ոստիկանության հաղորդագրությունը։ 75-ամյա կնոջից կողոպտիչները 200 հազար եվրոյի զարդեղեն են տարել։

XS
SM
MD
LG