Մատչելիության հղումներ

Տնտեսական մեկնաբան․ Բանանի շուկայում չենք կարող խոսել մրցակցության մասին


Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, արխիվ:

Թեև տարեսկզբին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը վստահեցնում էր, որ Հայաստանում բանանի շուկա մուտք գործելու որևէ խոչընդոտ չկա, տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը հակառակն ապացուցող բացահայտումներ է ներկայացնում։

Դեռ մարտին Շաբոյանը հայտարարել էր, որ Հայաստան բանան է ներկրում 9 ընկերություն։

Հայկ Գևորգյանի խոսքով, դա շուկայում մրցակցության չի հանգեցրել․ - «Նրանցից մեկը՝ «Քեթրին» ընկերությունը ներկրում է 98.5 տոկոսը: Մնացած 8-ը ներկրում են մնացած 1.5 տոկոսը: Եթե ՏՄՊՊՀ-ն նման թվեր հրապարակելով փորձում է ցույց տալ, որ Հայաստանի, մասնավորապես, բանանի շուկայում կա մրցակցություն, ուրեմն դա իրեն չի հաջողվել: ՏՄՊՊՀ-ն պիտի ասեր, որ 98.5 տոկոսը ներկրում է մեկ ընկերություն, իսկ դա համարյա բացարձակ մոնոպոլիա է: Այնպես որ այստեղ չենք կարող խոսել մրցակցության մասին, իսկ 9 ներկրողի մասին այդ հեքիաթները ուղղակի ընդամենը շղարշ են ստեղծում, որ Հայաստանում կա մրցակցություն, օրինակ, բանանի շուկայում: Եթե նա բերում է մեկ տոննա բանան, հաշվարկվում է, որ մեկ տոննայի գինը 700 դոլար է: Դրանից նա վճարում է մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը և ներմուծում է Հայաստան: Այլ տնտեսվարողները բերում են նույն բանանը, բայց նրանց վրա հաշվարկվում է, որ իրենց բերած բանանի մեկ տոննայի գինը 1400 դոլար է, ու նրանք ստիպված են վճարել արդեն մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը երկու անգամ ավելի շատ»:

Ըստ հայաստանյան մամուլի, «Քեթրին գրուփ»-ը փոխկապակցված է երկար տարիներ Դատական ակտերի հարկադիր ծառայությունը ղեկավարած և պանամյան օֆշորային փաստաթղթերում հայտնվելուց հետո հրաժարական ներկայացրած Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ։

Ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բադալյանը «Ազատության» հետ զրույցում չհերքեց, որ իրենք 0.7 դոլարի հաշվարկով են մաքսազերծում իրականացրել՝ հավելելով, սակայն, թե եղել են դեպքեր, երբ իրենք ևս կրկնակի թանկ գներով են մաքսազերծել ապրանքը․ - «Փաստաթղթաշրջանառությունը պետք է իդեալական լինի, որպեսզի դու կարողանաս մաքսազերծել այն գնով, ինչ գնով որ քո վրա նստում ա տվյալ ապրանքը․․․ Բայց լինում են դեպքեր, երբ մենք ինքներս չենք ունենում ապրանքաթղթերի էդ շղթան և մաքսազերծում ենք սահմանված հսկիչ գնով, որը, օրինակ, կարա լինի 1.2, 1.4: Այսինքն՝ «Քեթրին գրուփ»-ն է որոշակի ապրանքային տեսակ ու որոշակի շրջանառություն մաքսազերձում հենց էդ գներով»:

Բադալյանի խոսքով՝ իրենց ընկերությունն այս պահին բանանի շուկայի մոտ 40 տոկոսն է ներկրում։

Մինչդեռ ՏՄՊՊՀ խոսնակ Գայանե Սահակյանը «Ազատությանը» փոխանցեց, որ շուկայում ընկերության մասնաբաժինը 73 տոկոս է։

Սահակյանի փոխանցմամբ, վերջին ուսումնասիրությունը բանանի շուկայում մարտ ամսին է կատարվել և որևէ չարաշահում չի հայտնաբերվել․ - «Ներկրող ընկերությունների համար բացարձակապես որևէ խոչընդոտ չկա: Պաշտոնապես միանշանակ հայտարարում եմ, որ այս շուկայում չկա մրցակցության սահմանափակում: Եվ եթե կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ցանկություն ունեն բանան ներկրելու, կամ կան այլ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք անհամեմատ ավելի էժան գներով, քան հիմա կան շուկայում, կարող են ներմուծումներ իրականացնել այլ երկրներից, միանշանակ նման գործունեության համար որևէ արգելք չկա»:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետեկամուտների կոմիտեում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել հսկիչ գների կիրառման մեխանիզմն ապրանքների ներմուծման ժամանակ։

Հսկիչ գինը սահմանվում է այն դեպքում, երբ որևէ ապրանք ներմուծելիս մաքսակետին է ներկայացվում հաշիվ-ապրանքագիր, սակայն մաքսային մարմնին ինչ-ինչ պատճառներով չի հավատում այդ փաստաթղթին և մաքսային արժեքը որոշում է ինքնուրույն՝ ելնելով ինչ-որ չափորոշիչներից։

Հայկ Գևորգյանի խոսքով, վարչապետը շատ արագ կարող է լուծել այս հարցը․ - «Եթե մենք ասում ենք՝ ինչ-որ խնդիրներ կան տնտեսության մեջ, որոնք երկարատև լուծումներ են պահանջում, կոնկրետ էս հարցը շատ կարճ, շատ արագ, շատ օպերատիվ լուծվում է, նույնիսկ ժամերի ընթացքում: Բայց ես այս պահին դեռ չեմ տեսնում էդ ուղղությամբ կատարվող քայլեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG