Մատչելիության հղումներ

«Պատանի լրագրողների դպրոցի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել սպանության համար


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վ. Ղազարյանին՝ 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության համար։

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարված հանցագործության շարժառիթը։

«Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի և աջից ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Արմենիա» ՀԲԿ բժշկական օգնության է դիմել 22-ամյա Լևոն Սահակյանը, ում վիրահատության ընթացքում պարզվել է, որ պատճառված վնասվածքների հետևանքով վնասվել է նրա սիրտը և թոքը: Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ երիտասարդի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել է հանցագործության դեպքի վայրը, որը հանդիսանում է «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրենի աշխատասենյակը, որտեղ կատարվել է զննություն, հարցաքննվել են կասկածյալը, ականատես վկան և մի շարք այլ անձինք, կատարվել առերես հարցաքննություն, քննչական փորձարարություն՝ կասկածյալի մասնակցությամբ։

«Նախնական քննության տվյալներով՝ տուժողի նշանածը նախկինում համագործակցել է «Պատանի լրագրողների դպրոցի» հետ, սակայն խոստացված աշխատավարձը չվճարելու պատճառով առաջացել են տարաձայնություններ և աղջիկը դադարեցրել է համագործակցությունը։ Վարձատրության գումարն ամբողջությամբ վճարելու շուրջ տնօրենի հետ խոսել է Լևոն Սահակյանը։ Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը ևս՝ հոկտեմբերի 19-ի երեկոյան, դպրոցի տնօրենին 22-ամյա երիտասարդը հանդիպել է՝ նշված հարցը քննարկելու համար, որը տեղի է ունեցել տնօրենի աշխատասենյակում։ Հանդիպման ընթացքում առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշոցի, ինչի ժամանակ էլ երիտասարդին կտրող-ծակող առարկայով պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունից հետո երիտասարդն իր ավտոմեքենայով, ընկերոջ հետ միասին, գնացել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա մոտ ախտորոշվել են կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Հոկտեմբերի 21-ի երեկոյան վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ Լ. Սահակյանը ստացած վնասվածքներից մահացել է», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն նաև նշում է, որ դեպքի վայրի զննությամբ, տնօրենի աշխատասենյակում, բակում, հայտնաբերվել են արնանման հետքեր, տնօրենի աշխատասեղանի վրա՝ Լ. Սահակյանի հեռախոսահամարի գրառման թուղթ, իսկ պահարանի դարակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։ Լևոն Սահակյանի վարած «Մերսեդես Բենց Ց 200» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ ևս ավտոմեքենայի վրա և սրահում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Վերցվել են փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Լևոն Սահակյանը ճանաչվել է տուժող։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 22-ին քննիչը որոշում է կայացրել՝ Վ. Ղազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

«Վ. Ղազարյանն իր ցուցմունքներում ընդունել է դանակով Լ. Սահակյանին հարվածելը. նրա մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ նա մատնացույց է արել այն աշխատասենյակը, որտեղ դանակով հարվածել է տուժողին։ Սակայն չի ընդունել սպանության համար առաջադրված մեղադրանքը։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում շարունակվում է նախաքննությունը։ Կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG