Միացյալ Նահանգների կողմից անցկացված Սահմանագծային անվտանգության և կանխարգելման դասընթացի շնորհիվ Հայաստանի սահմանապահ զորքերն ավելի լավ են վերապատրաստված՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու համար, ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:
Տասնօրյա դասընթացի ծրագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև իրականացվող նախագծի ամենավերջին մասն է, որն ուղղված է մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը: Հայ-վրացական սահմանին ծառայող 27 հայ սահմանապահներ մասնակցել են հոկտեմբերի 10-21-ը անցկացված սահմանային կանխարգելման կենսունակ ռազմավարության վերաբերյալ դասընթացին: Սահմանապահներին են ներկայացվել նոր գործիքներ, որոնք կիրառվում են անվտանգությունն ապահովելու և սահմանների մշտադիտարկմանն օժանդակելու նպատակով: Դասընթացը, որ մշակվել էր սահմանային անվտանգության փորձագետների կողմից, բաղկացած էր դասախոսություններից ու գործնական վարժանքներից և եզրափակվել է մաքսանենգության՝ ամբողջ ծավալով իրականացվող խափանման վարժանքներով:
Դասընթացն անցկացվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ)՝ Վտանգների նվազեցման համագործակցային ծրագրի ներքո իրականացվող ԶՈԶ տարածման կանխարգելման ծրագրի շրջանակում:
Դասընթացին մասնակցող սահմանապահներից 12-ը կընտրվեն լրացուցիչ դասընթացներին մասնակցելու համար, որպեսզի դառնան դասավանդողներ: Դա հնարավորություն կտա Հայաստանի ղեկավարությանը տեղայնացնել դասընթացները և ապահովել, որ բոլոր հայ սահմանապահները մասնակցեն դասընթացին:
Սկսած 2011 թվականից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը ՊՎՆԳ-ի Վտանգների նվազեցման համագործակցային ծրագրի շրջանակում 21.3 միլիոն դոլարի չափով աջակցություն է ցուցաբերել, որպեսզի Հայաստանի սահմանապահ զորքերին համապատասխան ձևով վերապատրաստի և ապահովի սարքավորումներով: