Մատչելիության հղումներ

Նորանշանակ կառավարության ծրագրում հատուկ կետ կա Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի մասին:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը օդանավակայանի վերագործարկման հնարավորություն է տեսնում․ - «Նախատեսվում է ակտիվացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանը՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման միջոցով: Ինչպես նաև նախատեսվում է պարզեցնել ընթացակարգերը և ամբողջ պրոցեսները ավիաընկերություններին թույլտվությունների տրամադրման կապակցությամբ»:

Վերջին չվերթը «Շիրակ» օդանավակայանից իրականացվել է 7 ամիս առաջ՝ մարտի 13-ին: Այսօր «Ազատության» այցելության պահին դատարկ օդանավակայանում եղած հատուկենտ աշխատողները հրաժարվեցին պատասխանել որևէ հարցի:

Այս օդանավակայանից վերջին տարիներին իրականացվում էր միայն Գյումրի - Մոսկվա - Գյումրի չվերթը:

Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Գյումրիի օդանավակայանից թռիչքների չիրականացնելու պատճառը զուտ կոմերցիոն բնույթ է կրում․ ավիաընկերությունն ինքն է որոշում՝ թռիչքներ իրականացնի թե ոչ: Արդեն կառավարությունը նախատեսում է ակտիվացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գործունեությունը՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման միջոցով: Երբ որ այս գործընթացը կատարվի, թռիչքներ անպայման կիրականացվեն»:

Ժամկետներ Հովհաննիսյանը չնշեց․ - «Ժամկետ ես չեմ կարող նշել, բայց մոտ ապագայում դուք այդ ամեն ինչի արդյունքը կլսեք և կտեսնեք»:

«Շիրակ» օդանավակայանի փակվելուց ի վեր լուրեր են շրջանառվում, թե այն հանձնվելու է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանին: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարը հերքեց դրանք․ - «Նման բան չկա, քանի որ հիմա նախատեսվում է որոշակի ծրագրերր իրականացնել օդանավակայանի գործունեության հետ կապված՝ ավելի զարգացնելու և զարկ տալու նպատակով»:

Գյումրեցիները «Ազատության» հետ զրույցներում ասում էին, որ ուրախ կլինեն, եթե թռիչքներն սկսեն իրականացվել իրենց քաղաքի օդանավակայանից, քանի որ լրացուցիչ գումար չեն ծախսի Երևան հասնելու համար:

Գյումրիի օդանավակայանից օգտվում էին ոչ միայն շիրակցիները, այլև Լոռու մարզի ու Ջավախքի բնակիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG