Մատչելիության հղումներ

Սարիթաղցիները նախագահի հետ հանդիպում են պահանջում


«Եկել եմ նախագահի նստավայր, որ խնդրեմ, ասեմ՝ բոլոր սարիթաղցիները Ձեզ են ընտրել, խնդրում ենք աջակցեք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:

Ամիսներ շարունակ կալանավորված իրենց հարազատներին ազատ արձակելու պահանջով արդեն երրորդ անգամ ՀՀ նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնող սարիթաղցիներին կրկին հիասթափություն էր սպասվում. նախագահը նրանց չընդունեց:

Սարիթաղցիներին ընդունեց նախագահի աշխատակազմի նամակների բաժնի աշխատակիցը։

«Դատարաններն անկախ են, բայց մենք լավ տեղյակ ենք, որ նախագահի կողմից ա հրամանը», - Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցչի հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:

«Մտածում ենք, որ մի քիչ ավելի բարձր մարդ լինի, ավելի շատ պատասխանատվություն կունենա: Բայց խաբեություն ա ամեն տեղ», - հավելեց մեկ այլ սարիթաղցի ցուցարար:

Սարի թաղի բնակիչ Եվգենյա Բեգլարյանը թաղամասի մյուս բնակիչների հետ այսօր կրկին եկել էր նախագահական նստավայր՝ խնդրելու Սերժ Սարգսյանին միջամտել, որպեսզի իր փեսան և այս գործով անցնող մյուս 8 սարիթաղցիները ազատ արձակվեն։ Նրանք մեղադրվում են հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների հետ բախման ժամանակ իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Այդ օրերին, հիշեցնենք, ոստիկանությունը անվտանգության պատնեշ էր կազմել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքի շուրջ, և Սարի թաղը փաստորեն հայտնվել էր շրջափակման մեջ՝ մնալով առանց լույսի, ջրի և գազի։ Ցուցարարները պնդում էին՝ իրենց հարազատները պարզապես կենցաղային բողոք էին արտահայտում։

«Պահանջում եմ Սարի Թաղի բոլոր տղաներին համախումբ ազատ արձակեն: Տուգանք ա, թող տուգանեն: Մենք չենք ասում՝ չեն մասնակցել․․․ բայց ոչ մի մահ, ոչ մի վնաս չի եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եվգենյա Բեգլարյանը, ում փեսան նույնպես կալանավորված է:

Կնոջ փոխանցմամբ՝ փեսան հարևան տղամարդկանց հետ փորձել էր ոստիկաններից պարզել, թե ինչու են զրկվել տարրական կենցաղային պայմաններից: Մինչդեռ ոստիկանները, ինչպես պնդում են սարիթաղցիները,​ երկխոսության փոխարեն փորձել էին կրակել, բախում էր առաջացել, սարիթաղցիներն էլ քարեր էին նետել․ - «Դրանից հետո՝ հաջորդ օրը տրանսպորտը բացվեց, լույսը տվեցին, ջուրը տվեցին․ գազը տվեցին ու տղաներին հատ-հատ հավաքեցին»:

Կալանքի տակ գտնվող Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը պնդում է, որ իրենց սոցիալական խնդիրների համար փողոց դուրս եկած սարիթաղցիները փորձել են ինքնապաշտպանվել․ - «Եթե ոստիկանը ապտակում ա մեր տղաներին, ի՞նչ անեն, կանգնեն նայե՞ն ոստիկանը ոնց ա կրակում իրանց, կամ ոնց ա ծեծում»:

Կալանքի տակ գտնվող Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոսը պնդում է, թե այդ բախման ընթացքում տուժած ոստիկանները թեթև վնասվածքներ են ստացել, և նրանց մեծ մասը առերեսումների ժամանակ անգամ տղաներին դեմ բողոք չի ներկայացրել։ Նախաքննական մարմինը, սակայն, շարունակում է պնդել, թե ոստիկանները ծանր մարմնական վնասվածքներ են ստացել․ - «Մենք էլ կարդալ գիտենք․․․ 316-ի երկրորդ կետում նշված ա, որ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում ազատազրկում 5-10 տարի: Ծանր մարմնական վնասվածք ոչ մեկը չի ստացել: Էրեբունի հիվանդանոցի ընդունարանից էն կողմ ոտք չի դրել ոչ մի ոստիկան: Վեց ոստիկան, որ եկել են առերեսման, ոչ մեկը բողոք չի ներկայացրել»:

«Ազատության» հարցին, թե ինչու են դիմում նախագահին, Թորոս Թորսյանը պատասխանեց․ - «Իրանք պարտավոր են ընդառաջել: Իրանք գալիս են ընտրություններից առաջ չոքում են մեր դուռը, որ ձեն տանք իրանց: Էսօր նստած են, հըլը տեսեք ինչ թանկանոց կաստյում-շալվար-փողկապներով․․․ Ինչի՞ համար են»:

Սարիթաղցիների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին։

XS
SM
MD
LG