Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Սարի թաղում բախում է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանության միջև


«Մոտ մեկուկես ժամ առաջ Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջև: Քաղաքացիները փորձել են գալ և մտնել դեպի գրավված ՊՊԾ գունդ տանող պահպանվող տարածք: Ոստիկանները թույլ չի տվել: Քաղաքացիները քարեր ու այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Չորս վիրավոր ոստիկան կա: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տվյալներով, վիրավորումները հրազենային չեն», - քիչ առաջ «Ազատության» և «Սիվիլնեթի» նկարահանող խմբերին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով փոխոստիկանապետ Սամվել Հովհանիսյանի հետ մտել էր պահպանվող տարածք:

Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը փոխանցեց, որ բերման ենթարկված քաղաքացիներ չկան:

Նիկոլ Փաշինյանը և Աշոտ Կարապետյանը նման պարզաբանումներով հանդես եկան այն բանից հետո, երբ կրակոցներ հնչեցին հուլիսի 17-ից զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքից, այնուհետև, ճեղքելով Խորենացի փողոցի վրա՝ ՊՊԾ գունդ տանող ճանապարհը արգելափակած ոստիկանության շղթան և արյունահեղությունը կանխելու նպատակով այդ տարածքում հավաքված քաղաքացիների բազմությունը, շտապօգնության երկու մեքենաներ դուրս եկան ՊՊԾ գնդի հարակից տարածքից: Տեղի ունեցածից անհանգստացած քաղաքացիների և ոստիկանության միջև լարվածություն առաջացավ: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք խոսել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, զինված խմբի կազմում ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը մասնակցող Վարուժան Ավետիսյանի հետ, և վերջինս իրենց ասել է, թե որևէ գրոհ չկա և իրենք պարզապես օդ են կրակել՝ ի պաշտպանություն ոստիկանության պատնեշի մոտ հավաքված անձանց:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների գլխավորությամբ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը արդեն երկու օր է՝ գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդներ վերցրել ոստիկանների: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի հետ:

XS
SM
MD
LG