Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «կոռումպացված համակարգից» լավ բան չի սպասում


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ

Անկախ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի բովանդակությունից, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը «կոռումպացված համակարգից» լավ բան չի սպասում:

Թեև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի հասցրել ծանոթանալ կառավարության կողմից երեկ հրապարակված ծավալուն փաստաթղթին, որով իշխանությունը խոստանում է հանրության շրջանում լավատեսություն սերմանել ապագայի նկատմամբ, այնուամենայնիվ, ընդդիմությունը մեծ սպասելիքներ չունի:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարության նոր ծրագիրը նախատեսված է առաջիկա 6 ամիսների համար՝ Զուրաբյանն ընդգծում է, որ արդեն իսկ ակնհայտ է, որ խոսքը նախընտրական խոստումների մասին է:

«Ես չեմ կարծում, որ ինչ-որ ծրագրով, կամ ծրագրի տեքստով բարելավել երկրի իրավիճակը։ Ամենալավ ծրագրերը կարելի է ներկայացնել, իսկ հետո անել նույն չարագործությունն, ինչ-որ արվել է 18 տարի շարունակ։ Այնպես որ, անկախ ծրագրի բովանդակությունից, իհարկե, մենք այս կոռումպացված համակարգից շատ լավ բան չենք սպասում», - ասաց Զուրաբյանը։

Լևոն Զուրաբյանը հիշեցնում է, որ խոստումներ ծրագրերի տեսքով շատ են եղել, այն էլ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: «Մենք հիշում ենք այն մեծ պրոյեկտները, որոնք խոստացվել են, բայց չեն իրականացվել՝ Իրանի հետ նավթամշակման ծրագրի կառուցումը, նոր ատոմակայանի կառուցումը, երկաթուղու կառուցումը դեպի Իրան, թոշակների բարձրացում, աշխատավարձերի բարձրացում, ՀՆԱ-ի 7 տոկոսանոց աճ, այդ բոլոր մեծ խոստումները մենք հիշում ենք, դրանցից որևէ մեկը չի իրագործվել», - ասաց Զուրաբյանը։

Մինչդեռ իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հորդորում է ուշադրություն չդարձել Զուրաբյանի հայտարարություններին։ «Հայ ազգային կոնգրեսը, ճիշտն ասած, իրենից էլ սպասելիքներ չունի։ Հիմա խնդիրը նա չէ, թե ինքն ինչ է հայտարարում՝ ունի՞, թե՞՝ չունի։ Դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են, կարծում եմ, և պետք չէ առանձնապես ուշադրություն դարձնել», - ասաց Մելիքյանը։

Իշխող Հանրապետական խմբակցության քարտուղարն ընդգծում է, որ նոր ծրագրի շրջանակներում կառավարության գլխավոր խնդիրը իշխանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է։ Եվ ոչ միայն իշխանությունը, նաև ըննդիմությունը, ըստ Մելիքյանի, պետք է ամեն ինչ անի, որպեսզի այս ծրագիրը իրականություն դառնա:

«Ազատություն». - Երեք գլխավոր կետ կնշե՞ք, որ այսօր անելու է կառավարությունը՝ վստահությունն իշխանության նկատմամբ բարձրացնելու համար։

Մելիքյան. - Առաջինը՝ ընտրական գործընթացում հասնել առավելագույն վստահության աստիճանի, դա է վկայում նաև հենց առաջնահերթությունը, որ Ընտրական օրենսգրքում այս օրերին իրականացվում են այնպիսի փոփոխություններ, որոնք կարծում եմ, որ անմիջապես հենց փոփոխություններից հետո Ընտրական օրենսգրքի կիրառման ընթացքում դա ժողովրդի մեջ արդեն պետք է հստակ տարանջատվի։ Վստահություն այն բոլոր կադրերի նկատմամբ, նրանց գործունեության նկատմամբ, որ նոր կառավարությունում տեղ են գտել արդեն։ Հաջորդ քայլը տնտեսության բնագավառում արդյունավետ գործունեությունն է, քայլեր, որոնք կտանեն տնտեսության աճի։

«Ազատություն». - Այն, ինչ Ձեզ չհաջողվեց անել այս տարիների ընթացքում, ինչպե՞ս է հաջողվելու այս նոր կառավարությանն այդ ահռելի աշխատանքը կատարել մի քանի ամսվա ընթացքում: Կախարդական փայտիկը վերջապես գտնվե՞լ է։

Մելիքյան. - Ոչ, կախարդական փայտիկներ չկան և երբևէ չի եղել։ Ասել, որ նախկինում նույնպես մենք դրական արդյունքներ չենք գրանցել, ես այդ կածիքին չեմ, դրական արդյունքներ եղել են, որոնք չեն բավարարում, բայց, կարծում եմ, որ կարճ ժամանակում պետք է ստեղծվեն այն հիմքերը, որոնք ապրիլյան ընտրություններից հետո պետք է տան լիարժեք տնտեսական աճ ապահովելու համար։

«Ազատություն». - Հաշվի առնելով, որ այդ վերջին տարիների ընթացքում այս ահռելի աշխատանքը չհաջողվեց իրականություն դարձնել, և հույսն այս վերջին մի քանի ամիսներն են, կարո՞ղ ենք ասել, որ այս ամենը պայմանավորված է մեծամասամբ Կարեն Կարապետյանի անձով։

Մելիքյան. - Բերեք այդպես չհուսահատեցնենք իրավիճակը, իրոք հույսեր կան, իրոք նոր ձևավորված կառավարությանը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, բոլորս վստահում ենք, և կարծում եմ, որ ժողովրդի մեջ վստահության ալիքի բարձրացման քայլեր նաև նկատելի են, և հենց այդ վստահությունն է, որ կբերի նաև այն նպատակների, ծրագրերի իրականացմանը, որ կիրականացվի նոր ձևավորված կառավարության կողմից՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG