Մատչելիության հղումներ

Կառավարության նոր ծրագիրն ընդունվեց


Կարեն Կարապետյանի կառավարությունն իր մարտահրավերն է համարում բարեփոխումների իրագործումը՝ «ապահովելով քաղաքացու պաշտպանվածությունը, կենսամակարդակի բարձրացումը, լավատեսությունն ապագայի նկատմամբ»։

Վարչապետը շեշտեց, որ որոշ ժամանակ անց բացատրելու են, թե ինչն են արել, ինչը չեն արել․ - «Մենք ձևակերպել ենք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր ծանրաձող, որը բարձրացնելու համար պետք է կոնցենտրացնենք մեր ամբողջ ներուժը: Բոլորին առաջադրանք՝ հատուկ ուշադրություն դարձնել ծրագրի իրականացմանը: Հաշվետվություն ենք տալու»:

Ծրագրում կառավարությունն իր ռազմավարական խնդիրն է հռչակում Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովումը, պետական կառավարման համակարգի արդիականացումը, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը, ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացումը, կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացումը, աղքատության դեմ պայքարը, գործազրկության կրճատումը:

Նոր ծրագրում նպաստների, կենսաթոշակների ու նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին դրույթ չկա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, պատճառն այն է, որ ծրագիրը վերաբերում է առաջիկա վեց ամիսներին․ - «Ծրագիրը վերաբերում է մինչև 2017 թվականի ապրիլյան ընտրություններին, այսինքն՝ վեցամսյա ժամանակահատվածի համար: Իսկ դուք գիտեք, որ բյուջեի նախագիծը արդեն ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը, և այդ մասով լրացուցիչ միջոցներ նախատեսված չեն, հետևաբար՝ այդպիսի դրույթ ներառված չէ»:

Պաշտպանության ոլորտում, ըստ ծրագրի, գործունեության հիմքում կդրվի ազգ-բանակ գաղափարը և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» սկզբունքը: Քայլեր կարվեն զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության և հանրային հաշվետվողականության ապահովման համար, ռազմարդյունաբերական ոլորտում ներդրումների խթանման, ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ:

Տնտեսական Բաբկեն Թունյանի խոսքով, նոր ծրագիրը ընդհանուր առմամբ ունի բիզնես շեշտադրումներ․ - «Ամենակարևոր հանգամանքներից մեկը հարկային քաղաքականությունն է՝ հարկային դրույքաչափերը և այլն: Ոչ վաղ անցյալում արդեն [նոր] Հարկային օրենսգիրքը ընդունվեց, սակայն հարկերի թեթևացման մասին խոսք չկա: Կամ, օրինակ, ներդրողների մասով նշվում է, որ եթե որոշակի գումարից ավելի ներդրում է կատարվում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվում, բայց միգուցե ներդրողի համար կարևոր է, որ իր շահաբաժինը հինգ տոկոսով հարկում են, ինչպես Հարկային օրենսգրքով ընդունված է»:

Արտաքին քաղաքական առաջնային հարցերն են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության ամրապնդումը, ԵՏՄ-ի շրջանակներում համագործակցության հետագա զարգացումը։

Սփյուռքի նախարարության առաջիկա անելիքները ևս առանձնացվել են: «Շեշտադրումը ավելի տնտեսական է լինելու, տնտեսական բարեփոխումներ են, իսկ ամենագլխավորը՝ մեր նախարարությունում պետք է ստեղծվի մարմին, որը «մեկ պատուհանի» սկզբունքով պետք է կարողանա օգնել՝ խորհրդատվությամբ, իրավական առումով, ծրագրերին օգնելով, որպեսզի բիզնես-ծրագրերը այստեղ սփյուռքահայերի կողմից իրականանան», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Արդարադատության ոլորտում առաջիկա քայլերը ճեպազրույցում առանձնացրեց նախարար Արփինե Հովհաննիսյանը․ - «Առաջին հերթին, ուրեմն, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մի շարք կարևորագույն միջոցառումներ, ապօրինի հարստացման քրեականացում, շահերի բախման ինստիտուտի ներդրում, փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնում, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հստակեցում, իսկ սա նշանակում է՝ հստակ մարմին՝ հստակ գործառույթներով, կոնկրետ գործառույթներով և կոնկրետ պատասխանատվությամբ, երկրորդ շեշտադրումը՝ դատական համակարգի հետ կապված արդյունավետ մեխանիզմներ իրավական համակարգում՝ գործերի ողջամիտ քննությունը ապահովելու համար, դատավորների ծանրաբեռնվածությունը որոշելու համար չափանիշներ, որոնցից մեր քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ դատական նիստերը ուշ են նշանակվում, և այլն, և այլն»:

Մանրամասները՝ կից տեսանյութում․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG