Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային:

Հայաստանի կառավարության փոխանցմամբ, Միկուրիան Հայաստան է ժամանել՝ «Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

Կառավարության ղեկավարը կարևորել է Երևանում աշխատաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն ևս մեկ քայլ է դեպի առավել թափանցիկ ու որակյալ ծառայությունների մատուցում:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել կառավարության՝ հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ և ընդգծել, որ բարեփոխումների առաջնային նպատակը բիզնեսի համար հավասար, արդար ու մրցունակ դաշտի ստեղծումն է: Այս առումով Կարեն Կարապետյանը կարևորել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությունը և նշել, որ վերոնշյալ աշխատաժողովն օգտակար հարթակ է ոլորտին վերաբերող շահագրգիռ քննարկումների համար:

Կունիո Միկուրիան շնորհավորել է Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իր գլխավորած կառույցի անունից Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Նա նշել է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մտադիր է ընդլայնել երկկողմ գործակցությունը՝ անհրաժեշտ օժանդակությունն ուղղելով դեպի այն ոլորտները, որտեղ ամենից շատ դրա պահանջարկը կա:

Կունիո Միկուրիան դրական է գնահատել «Մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը վարչարարության դյուրացման և սահմանային անցակետերի արդիականացման գործընթացներում, ինչն իրականացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հարկային ու մաքսային ոլորտում բարեփոխումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կադրերի վերապատրաստման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և հարակից այլ հարցերի շուրջ:

Կողմերը վերահաստատել են նշված ուղղություններով իրական արդյունքներին միտված գործակցությունը և համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:

Կառավարության պաշտոնական կայքէջը նաև տեղեկացնում է, որ վարչապետն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG