Մատչելիության հղումներ

«Համախմբում». Հալեպում ապրող ցանկացած հայ պետք է ունենա քաղաքից հեռանալու հնարավորություն


«Համախմբում» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել հալեպահայության խնդրի վերաբերյալ։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Հալեպում ակնհայտորեն վիճակն այսօր օրհասական է, և հալեպցիների, այդ թվում՝ հալեպահայերի անվտանգությունն էապես խաթարված է: Դժբախտաբար, Հալեպը դարձել է Սիրիայի հակամարտությանը ներգրավված ուժերի գլխավոր կռվախնձորը, որը և էապես մեծացնում է, թերևս, համեմատաբար քիչ տուժած քաղաքի արևմտյան հատվածի՝ արևելյանի դաժան ճակատագրին արժանանալու հավանականությունը»:

Վկայակոչելով կուսակցության լավատեղյակ աղբյուրները, «Համախմբում»-ը նշում է, որ այսօր Հալեպում դեռ ապրում է 8-10 հազար հայ՝ հիմնականում կենտրոնացած քաղաքի արևմտյան թաղամասերում:

«Այս իրավիճակը, բնականաբար, պետք է մտահոգի բոլորին, և ողջունելի են հայկական տարբեր կազմակերպությունների գործնական քայլերը հալեպահայությանն աջակցելու համար: Հակամարտության առաջին օրվանից էլ հակասական մոտեցումներ են եղել հալեպահայերի՝ քաղաքում մնալ-չմնալու հարցում՝ հաշվի առնելով Սիրիայի կառավարության և ընդդիմության՝ այս հարցում ունեցած դիրքորոշումը և հնարավոր արձագանքը, ինչպես նաև մտահոգվելով հալեպահայ գաղութի դատարկման հեռանկարով», - ասված է հաղորդագրությունում:

Հաշվի առնելով այսօր ստեղծված ծանր իրավիճակը, «Համախմբում»-ը հայտնում է, որ խնդրի լուծման բանաձևը, կուսակցության համոզմամբ, հետևյալն է՝ Հալեպում ապրող ցանկացած հայ ցանկության դեպքում պետք է ունենա քաղաքից հեռանալու և Հայաստան տեղափոխվելու նյութական և տեխնիկական հնարավորություններ:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին, բարեգործական հիմնադրամներին և ունևոր անհատներին գործուն և համակարգված աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ խնդրի լուծման համար: «Համախմբում» կուսակցությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ այս խնդրի լուծմանը», - ասված է կուսակցության վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG