Մատչելիության հղումներ

ԱՆ.Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։ Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ տուժած մյուս երկու տղամարդիկ շարունակում են բուժումը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց», - ասված է Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդագրությունում։

Մոսկվա-Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել հոկտեմբերի 14-ին՝ Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա։ Վթարի պատճառով 5 մարդ մահացել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG