Մատչելիության հղումներ

logo-print

Ավտոբուսի վթարից տուժած 5 երեխաներից երկուսի վիճակը ծանր է


Մոսկվա-Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան՝ Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա։

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառով 5 մարդ է մահացել, ևս 27-ը վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ 5 երեխա:

Վլադիկավկազի մանկական կլինիկայի բժիշկ Զալինա Գաբուևան «Ազատության»-ը փոխանցեց, որ տուժած երեխաներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են:

Բժշկի փոխանցմամբ, այս պահին վիրահատությունը է ընթանում․ - «Մեկի վիճակն ավելի ծանր է։ Գանգուղեղային, ծնոտի և այլ ոսկրային կոտրվածքներ են»։

Նշենք, որ Մոսկվա-Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան՝ Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա։

Նախնական տվյալներով, վթարի հետևանքով մահացել է 5 անձ, որոնցից 3-ը ազգությամբ ռուս են՝ Ռուսաստանի քաղաքացի, 2-ը՝ Հայաստանի քաղաքացի՝ ազգությամբ հայ, որոնցից 1-ը վարորդն է, 27 անձ ստացել է մարմնական վնասվածքներ։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի խորհրդական, մամլո խոսնակ Լևոն Թորգոմյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ առավոտյան հիվանդանոց տեղափոխվածների հիմնական մասն արդեն դուրս է գրվել:

Հյուսիսային Օսեթիայի առողջապահության և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություններից ստացված վերջին տվյալներով, Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Վլադիկավկազի 3 հիվանդանոցում է գտնվում 10 տուժած։

Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոց. Բաղրամանյան Նորիկ Սարգսի (ծնվ.1950), Հարությունյան Ժասմին Մովսեսի (ծնվ.1949), Պողոսյան Սեյրան Սմբատի (ծնվ.1990)։

Վլադիկավկազի քաղաքի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոց. Պալուխին Պավել Պետրովիչ (ծնվ.2001) ծանր, Գալատով Ալեքսանդր Անդրեյևիչ (ծնվ. 2000) ծանր, Լազուկին Անդրեյ Անատոլևիչ (ծնվ.2006) ծանր, Ռոսսոմախին Ալեկսեյ Եվգենեվիչ (ծնվ. 2000) ծանր, Դավթյան Դիաննա Ալբերտի (ծնվ.2005) միջին ծանրության։

Շտապօգնության կլինիկական հիվանդանոց. Բաղդասարյան Հրանտ Միխայիլի (ծնվ.1949) ծանր, Ծատինյան Ավագ Նուրիմանի (ծնվ.1978) միջին ծանրության։

Զոհեր. Հունանյան Արևիկ (ծնվ.1960), Պողոսյան Յուրա (ծնվ.1954), Լազուկին Ա. Վ. (ծնվ.1968), Պանչենկո Վ. Մ. (ծնվ.1973), Մամչենկո Ս. Ս. (ծնվ.1999)։

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նամակով դիմել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օգնությամբ մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի խորհրդական, մամլո խոսնակ Լևոն Թորգոմյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ այդ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: «ԱԻՆ ներկայացուցիչը մեկնել է Ռամենսկի օդանավակայան, այնտեղից կմեկնի Բեսլան։ Օդանավը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարություն է տրամադրել, և այդ օդանավով տուժածները կտեղափոխվեն Երևան», - ասաց Թորգոմյանը։

Հայաստանի տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանից հայտնում են, որ վթարից տուժած 26 քաղաքացիներ այսօր Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։ Նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարի հետևանքով զոհված երկու քաղաքացիների՝ Արևիկ Լունոնյանի և Յուրի Պողոսյանի աճյունները:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քննչական վարչության, Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։

Հայաստանի տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամլո խոսնակ Անահիտ Առաքելյանի փոխանցմամբ, ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսի սեփականատերը անունը Կարեն Պողոսյան է: «Ավտոբուսի ուղևորների թիվը 50-ն է եղել: Մասնավոր ավտոբուս է եղել: Էս դեպքում, երբ որ ոչ կանոնավոր է իրականացվում, արդեն երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, շարժման արագությունների նորմավորումը, չվացուցակների կազմումը արդեն իրականացնում ա փոխադրողը», - հավելեց Առաքելյանը։

Հայաստանից ավտոբուսով Ռուսաստան մեկնողները հիմնականում օգտվում են արտոնագիր չունեցող ընկերություններից:

Անցած տարի, հիշեցնենք, նոյեմբերին Ռուսաստանում վթարի ենթարկված «Կինգ Դելյուսք» ընկերության ավտոբուսը ևս աշխատել է որպես ոչ կանոնավոր, արտոնագիր չունեցող ուղևորափոխադրող։ Այդ ժամանակ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվածների թիվը հասել էր 9-ի:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին վրդովեցնում է այն հանգամանքը, որ ամեն անգամ այսպիսի պատահարից հետո պետական այրերը միայն հայտարարություն են անում, իսկ օրենսդրական դաշտը շարունակում է անկատար մնալ՝ թույլ տալով շատ մասնավոր ընկերությունների վերահսկողությունից դուրս մնալ և չունենալ պատշաճ տեխնիկական սպասարկում:

«[Խնդիրը] Ոչ միայն օրենքի անկատարության մեջ է: Օրենքի անկատարություն էնքան հեշտ ա ասել․․․ Իսկ օրենսդրական դաշտի փոփոխությունն ո՞վ պետք է առաջարկեր: Ես էն ժամանակ ասացի՝ ինձ ասեք ո՞վ է օրենքը մերժում, ո՞ր գերատեսչությունում ա մնում, ես ասեմ՝ էդ գերատեսչությունն ա մեղավոր․․․ Նախագիծը գործադիրը ներկայացրել ա, Ազգային ժողո՞վն ա մերժել․․․ Իհարկե, ոչ: Ամբողջ խնդիրն այդն է, որ գործադիր իշխանության այս օղակը ուղղակիորեն սիրում է ավելի շատ խոսել, քան գործ անել», - ասաց Պիպոյանը։

XS
SM
MD
LG