Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ՀԱՊԿ նիստում ներկայացրեց Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքները


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որը նախագահել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, համատեղ նիստը մեկնարկել է նեղ կազմով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Բացելով հանդիպումը` Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, անդամ պետությունների միջև համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման, պաշտպանական բնագավառում փոխգործակցության խթանման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության բարձրացման, առումով։ Կազմակերպության նախագահության շրջանակներում մենք շարունակեցինք հետևողական քայլերը վերոհիշյալ ուղղություններով»:

Նալբանդյանը ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մինչ օրս Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել դրանք:

Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է սիրիական ճգնաժամին և իրավիճակի կայունացման ուղղությամբ անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին և միգրացիոն ճգնաժամին։

Նիստին անդրադարձ է կատարվել նաև Աֆղանստանում տիրող իրավիճակին, ընդգծվել այդ երկրում ահաբեկչության աճի սպառնալիքը Կենտրոնական Ասիայի պետությունների անվտանգության համար:

Համատեղ նիստին անդրադարձ է արվել կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքներին, քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների միջև միջազգային տարբեր ձևաչափերում համագործակցության ակտիվացումը, 2016-2017 թվականների քաղաքական, պաշտպանական և անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը:

Նախարարական համատեղ նիստին հավանություն է տրվել այսօր օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք «Մինչև 2025 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության», Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եզրափակիչ հայտարարության, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության, Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ հայտարարության և այլն։ Ընդհանուր առմամբ համատեղ նիստին ստորագվեցին շուրջ երեք տասնյակ փաստաթղթեր։

Նիստի ավարտին ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում նախագահությունը փոխանցվեց Բելառուսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG