Հոկտեմբերի 12-ին ավելի քան 100 երիտասարդներ անդամակցել են Հայաստանի հանրապետական կուսակցությանը, տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երիտասարդներին կուսակցական անդամատոմսեր ու կրծքանշաններ են հանձնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, շնորհավորելով նորագիր կուսակցականներին, մասնավորապես ասել է․ - «Ինձ ուրախացնում է, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը երկրի ամենամրցունակ քաղաքական կառույցներից է, և կարողանում է համալրել իր շարքերը նման բանիմաց երիտասարդներով»։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր այն երիտասարդներին, ովքեր հավատացել և անդամագրվել են Հանրապետականի մեծ ընտանիքին։ Նրա տեղեկացմամբ՝ Հանրապետական կուսակցության 30-35 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Նա նաև ընդգծել է, որ ՀՀԿ-ին անդամագրվելիս երիտասարդներն անցնում են որոշակի գործընթաց, որը բավականին տևական է և ընդգրկում է դասընթացներ, նախապատրաստական աշխատանքներ։