Մատչելիության հղումներ

Դատարանը վերացրեց Անդրիաս Ղուկասյանի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելքը


Դատարանը վերացրել է «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելքը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց նրա կինը՝ Անահիտ Թարխանյանը։

«Շատ անսպասելիորեն այսօր զանգահարեցին և տեղյակ պահեցին, որ արգելանքը հանված է և մենք կարող ենք տեսնել Անդրիասին։ Այսօր մեզ համար շատ կարևոր օր է, գրեթե երկուսուկես ամիս չենք տեսել նրան, շատ հուզված եմ, ուրախությունով, սպասումներով լցված, որ պետք է տեսնենք ամուսնուս» , - ասաց Թարխանյանը։

Ընտանիքի անդամների հետ հանդիպումն, ըստ Թարխանյանի, արգելվել էր՝ պատճառաբանությամբ, որ դրանք կարող են խանգարել ընդհանուր քննությանը։ «Ինձ համար հասկանալի էր, որ ինչ-որ չափով մեծահասակները կարող են ենթադրաբար խանգարել քննությանը, բայց անչափահաս երեխաները ինչպե՞ս կարող են խանգարել, դա իհարկե պարզ չէր։ Բայց, փառք Աստծո, և՛ երեխայի, և՛ ինձ համար հանվեց արգելանքը, և հույս ունենք, որ այսօր կկարողանանք տեսնել Անդրիասին», - ասաց Թարխանյանը։

Նշենք, որ Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Նույն գործով են անցնում նաև «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, սակայն դատարանը Սանասարյանին ու Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատ է արձակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG