Տնտեսագիտության բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել են Օլիվեր Հարթը և Բենգտ Հոլմստրյոմը՝ պայմանագրային տեսությունում իրենց նպաստի համար: Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան:
Ակադեմիայի հայտարարության համաձայն, երկու գիտնականների աշխատանքը «ինտելեկտուալ հիմք է դնում շատ ոլորտներում քաղաքականություն և հաստատություններ մշակելու համար՝ սկսած սնանկության օրենսդրությունից մինչև քաղաքական սահմանադրություններ»: «Այս տարվա դափնեկիրները զարգացրել են պայմանագրային հարաբերություններում առկա համալիր խնդիրների լուծումը` այդ թվում կենտրոնանալով տնտեսության պետական սեկտորի սեփականաշնորհման խնդիրների վրա», - ասված է հայտարարությունում:
Ծնունդով բրիտանացի Հարթը Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է, ծագումով ֆինլանդացի Հոլմստրյոմը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության և մենեջմենթի պրոֆեսոր: