Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ազդարարում է 2018-ի ներգաղթային վիզաների խաղարկությանը հայտերի ներկայացման մեկնարկը


Միացյալ Նահանգների Պետքարտուղարություն հայտնում է, որ մեկնարկել է 2018 թվականին շնորհվելիք ներգաղթային վիզաների խաղարկային ծրագրով կամ «գրին քարտի» խաղարկության մասնակցության հայտերի ներկայացումը: Հայտերի ընդունման ժամկետն է. 2016 թվականի հոկտեմբերի 4-ից, արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 12:00-ից (Գրինվիչ - 4) մինչև 2016 թվականի նոյեմբերի 7-ը, արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 12:00-ը (Գրինվիչ - 5):

Երևանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ մասնակցության հայտը լրացվում է առցանց www.dvlottery.state.gov կայքում վերը նշված ժամկետներում: Թղթային հայտեր չեն ընդունվում: Գրանցումը խորհուրդ չի տրվում թողնել վերջին շաբաթվան, քանի որ այդ օրերին մեծ պահանջարկի հետևանքով կայքի աշխատանքը կարող է դանդաղել: Նոյեմբերի 7-ից հետո հայտերի ընդունումը դադարեցվում է:

Դեսպանատունը հիշեցնում է, որ խաղարկությանը մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում, մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում համակարգն ավտոմատ չեղարկում է բոլոր հայտերը, իսկ հայտի ներկայացումը հաստատող էջը և այնտեղ նշված եզակի համարանիշը պետք է անպայման պահել:

«Ամեն տարի իրականացվող այս վիճակախաղում մի շարք պարզ ու հստակ չափանիշների բավարարող անձինք կարող են ձեռք բերել ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն: Շահողները որոշվում են համակարգչային պատահական ընտրանքի միջոցով և նրանք իրավունք են ստանում ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել: Խաղարկության ծրագրի պահանջներից է, որ հիմնական հայտատուն ունենա առնվազն միջնակարգ, կամ դրան համարժեք կրթություն, կամ երկու տարվա որակավորված աշխատանքի փորձ՝ ըստ ԱՄՆ օրենսդրության», - ասված է հաղորդագրությունում:

Վիճակախաղով հետաքրքրված անձինք կարող են անձամբ կամ մեկ այլ անձի միջոցով ներկայացնել հայտը: Մասնակիցները հայտին պետք է կցեն վերջին վեց ամսվա ընթացքում արված լուսանկար: Այն հայտերը, որոնցում կօգտագործվի նախորդ տարվա հայտին կցված լուսանկարը, կչեղարկվեն: Հայտի ճշգրիտ ու ամբողջական լրացման պատասխանատուն վիճակախաղին մասնակցող հայտատուն է:

Վիզաները տեղաբաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, ընդ որում՝ ավելի շատ վիզաներ ապահովվում են ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների համար: Վիճակախաղին չեն կարող մասնակցել այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ ներգաղթողների թիվը գերազանցել է 50 հազարը: Որևէ երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին:

«Խորհուրդ ենք տալիս դիմումը լրացնել անձամբ՝ առանց դիմելու վիզայի խորհրդատուների կամ գործակալների կամ այլ միջնորդների, ովքեր իրենց օգնությունն են առաջարկում: Եթե ձեզ մեկ այլ անձ օգնում է, ապա դիմումը լրացնելիս դուք պետք է ներկա լինեք, որպեսզի հարցերին ճիշտ պատասխաններ տաք և դիմումը ներկայացնելուց հետո վերցնեք ու պահեք հաստատման ծանուցումն ու եզակի նույնականացման համարը», - նշված է հաղորդագրությունում:

Կեղծումների դեմ պայքարելու նպատակով Պետքարտուղարությունը շահումների մասին և հետագա հարցազրույցների ժամկետների մասին տեղեկացնելու համար կիրառելու է կայքի հենքի վրա գործող գործիքներ․ - «Սա նշանակում է, որ շահողները սովորական կամ էլեկտրոնային փոստով շահելու կամ հարցազրույցի նշանակման մասին նամակներ չեն ստանա, այլ հայտի ներկայացման ժամանակ ստացած եզակի համարանիշի միջոցով առցանց կստուգեն իրենց հայտի կարգավիճակը: Այդ համարանիշի միջոցով 2017թ. մայիսի 2-ից հետո հայտատուները կարող են մուտք գործել dvlottery.state.gov կայք, բացել Entrant Status Check բաժինը և պարզել՝ շահե՞լ են, թե՞ ոչ»:

Վիճակախաղում շահելը դեռ չի հանդիսանում ներգաղթային վիզայի ստացման երաշխիք. շահող մասնակիցները պետք է բավարարեն վիզայի պահանջներին և անցնեն հարցազրույց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG