Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում ընտրակաշառքի մասին հաղորդման հիման վրա:
ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ Կուտականի բնակիչ Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ «2016թ․ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19:25-ի սահմաններում, ինքը հանդիպել է հիշյալ համայնքի ղեկավարի թեկնածուի հետ, ով իրեն 20 հազ. ՀՀ դրամ գումար է տվել՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ իր օգտին քվեարկելու համար»:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ էլ, Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
«Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահի հաղորդումն առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 34/39 ընտրատեղամասի ընտրող Օֆիկ Օնիկի Ավետիսյանի փոխարեն քվեարկել է այլ անձ։ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվել՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որի ժամանակ ընտրողը հաստատել է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր փոխարեն այլ անձ է քվեարկել», - ասված է հաղորդագրությունում:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։