Մատչելիության հղումներ

Քրգործ՝ Վանաձորում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու և գույքը վնասելու փաստով


Լրագրող Շողիկ Գալստյանը, Վանաձոր 2-ը հոկտեմբերի, 2016թ․
Լրագրող Շողիկ Գալստյանը, Վանաձոր 2-ը հոկտեմբերի, 2016թ․

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ քրեական գործ է հարուցվել Վանաձորում լրագրող Շողիկ Գալստյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և գույքը վնասելու դեպքերի առթիվ:

ՀՔԾ հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Արարատնյուզ» զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորություններ իրականացրած Շողիկ Գալստյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 02.10.2016թ. ընտրությունների ժամանակ՝ թիվ 30/47 տեղամասի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ ժամը 13:00-ի սահմաններում, քաղաքացի Մ. Ա.-ն հարձակվել է իր վրա, խլել իր բջջային հեռախոսը և գետնին հարվածելով կոտրել է այն, որի հետևանքով իրեն պատճառվել է 200 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ ճանկռվածքների տեսքով՝ ֆիզիկական վնաս: Դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի ընթացքում քաղաքացի Մ. Ա.-ն, իր հերթին, հայտնել է, որ նույն օրը առավոտյան իր կույր և հաշմանդամ պապին ուղեկցել է ընտրատեղամաս, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչ Շ. Գալստյանը մոտեցել է պապին ու անընդհատ հարցեր է տվել: Ինքը զգուշացրել է հանգիստ թողնել հիվանդ, տարեց անձին, սակայն լրագրողը շարունակել է հարցեր տալով ընտրատեղամասից իրենց ուղեկցել մինչև բնակության վայր: Այնուհետև մոտ 1 ժամ անց ինքը դուրս է եկել տանից խանութ գնալու նպատակով, և երբ լրագրողը կրկին սկսել է իրեն բջջային հեռախոսով նկարահանելով ուղեկցել, ինքը պահանջել է հանգիստ թողնել, հայտնել է, որ այրի է, հիվանդ երեխա ունի, իսկ Շ. Գալստյանը արհամարհական ծիծաղել է ու շարունակել նկարել: Ինքը զայրույթից վերցրել է նրա բջջային հեռախոսն ու գցել գետնին»:

Ընտրական հանձնաժողովի՝ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և ուրիշի զգալի չափերի արժողությամբ գույքը վնասելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG