Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները վիճարկում են Գյումրիում մանդատների բաշխման մասին ԿԸՀ նախագահի պարզաբանումը


ՏԻՄ ընտրություններ Գյումրիում, 2-ը հոկտեմբերի, 2016թ.
ՏԻՄ ընտրություններ Գյումրիում, 2-ը հոկտեմբերի, 2016թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունն այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախնական արդյունքներով «Բալասանյան դաշինք»-ին Գյումրիում 17 մանդատ է բաժին հասել, հարցեր է առաջացնում ընդդիմադիրների մոտ:

Հիշեցնենք, խորհրդարանում Մուկուչյանը նաև հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստան»-ին (ԲՀԿ)-ին 8 մանդատ է բաժին ընկել, 4-ական մանդատ «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցություններին:

Տեղում կուսակցությունները սեփական հաշվարկներն էին արել ու այլ թվեր ստացել, մասնավորապես, որ «Բալասանյան դաշինք»-ն ընդամենը 15 մանդատ ունի: Ստացվում է մեկական մանդատ կորցնում են «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) ու «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունները, որը բոնուսով տրվում է «Բալասանյան դաշինք»-ին:

ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Մարզպետունի Մարգարյանը նշեց, թե մեկ մանդատից ոչ թե ԲՀԿ-ին են զրկում, այլ գյումրեցիներին՝ նշելով, որ հանրապետականների ու ԿՀԸ նախագահի՝ մանդատների վերաբերյալ հրապարակած թվերը չեն ընդունում:

«Դա չենք ընդունել, չենք ընդունելու և չենք էլ ընդունի։ Մենք շարունակելու ենք մեր բողոքը, մյուս կուսակցությունների հետ համատեղ հայտարարություն ենք անելու վաղը, որից հետո մենք, օրենքի տարրը պաշտպանելով, շարունակելու ենք մեր բողոքները», - ասաց Մարգարյանը։

ԲՀԿ նախընտրական շտաբի պետն ասում է՝ և՛ օրենք են կարդացել, և՛ ընտրական գործընթացների մասնակցության հարուստ փորձ ունեն։ Նրա խոսքով, նոր օրենք են գրում հաշվարկի հին մեխանիզմ կիրառում, Երևանի դեպքում կիրառվող հաշվարկի մեխանիզմը, ըստ Մարգարյանի, Գյումրիում անհամատեղելի է:

«Երևանի համար հաստատված կանոնակարգով հաշվարկ են անում նոր օրենքով անցկացված ընտրությունների համար։ Ես կոպիտ օրինակ բերեմ՝ ստացվում է, որ երկու մետրանոց բոյ ունեցող մարդու համար կարված հագուստը, մենք հագցնում ենք մետրուկես բոյ ունեցող անձնավորությանը, բնականաբար, անհամատեղելի է։ Երևանը ունի 65 հոգանոց ավագանի, Գյումրին պետք է ունենա 33 հոգանոց, այսինքն, կրկնակի անգամ ավել, նրանց համար, եթե աշխատում է այդ կարգը, մեզ համար չի աշխատում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարգարյանը։

«Հայկական վերածնունդ» կուսակցության քաղաքապետի թեկնածուի հետ զրուցել չհաջողվեց, այս քաղաքական ուժից ևս մեկ մանդատ բոնուսային կարգով տրվում է «Բալասանյան դաշինք»-ին:

ԳԱԼԱ կուսակցության ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Լևոն Բարսեղյանը հաշվել է, որ 3 ոչ իշխանական քաղաքական ուժերը միասին 18 մանդատ են ունենում, «Բալասանյան դաշինք»-ը՝ 15: Սակայն Ընտրական օրենսգրքի 141 հոդվածում նաև 5-րդ կետ կա, որը մատնացույց են անում և՛ հանրապետականները, և՛ ԿԸՀ-ն։

Լևոն Բարսեղյանը հակադարձում է. - «5-րդ մասով են իրենք այդ մեկնաբանությունն անում ու չգիտեմ՝ ինչու թռնում են չորրորդ մասի վրայից, օրենքի 4-րդ մասը հանե՞լ են, պարոն Մուկուչյան, եթե 4-րդ մասը օրենքից հանել են, ուրեմն օրենքի հրապարակված տարբերակների մեջ 4-րդ մաս չպետք է լիներ»։

Բարսեղյանը հարց է տալիս 17 մանդատ «Բալասանյան դաշինք»-ին հատկացնելու մասին հայտարարողներին. - «Ինչի՞ց են որոշել, որ դա 17 մանդատ է։ 33-ի բացարձակ մեծամասնությունը ոչ միայն 17-ն է, այլ՝18-ը, 19-ը, 20-ը մինչև 33-ն է։ Ինչի՞ց եք որոշել, որ «Բալասանյան դաշինք»-ին պետք է տաք 17 մանդատ և ոչ թե՝ 28, կամ 30, մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցող մյուս կուսակցությունների միջև։ Ինչպե՞ս են բաշխվում, ներողություն, Շուրա Բալագանովի օրինակն ամենալավն է՝ Պանիկովսկու՝ «Ոսկե հորթ»-ի, ասում է՝ «սա ինձ, սա քեզ, սա նրան»։ Ինչպե՞ս, ո՞ր մեխանիզմով», - ասաց Բարսեղյանը։

Ստեղծված իրավիճակում Բարսեղյանը ելք է առաջարկում. - «Օրինակ, կարող են որոշել, որ ընտրությունները չեղյալ են հայտարարվում, օրենքի մեջ փոփոխություն են անում, հստակեցնում են սա, ապա նոր ընտրություն են նշանակում։ Սա լուծումներից մեկն է»։

Իսկ, եթե մանդատները բաշխվեն այն սկզբունքով, ինչպես ներկայացրեց Տիգրան Մուկուչյանը, ապա, ըստ Բարսեղյանի, դատական գործեր են լինելու։ «Ընդդիմության մանդատները պակաս տվեցին, դատական գործեր են լինելու, գուցե երեք հայց ունենան, երեք կուսակցություններից հայցեր ունենան։ Եթե հանկարծ Բալասանյանի մանդատները մեծամասնություն չեղան, իրենք դատական հայց են տալու, հասկանում ե՞ք՝ ինչ են գրել սրանք ստեղ։ Էս տեսակ ցեխ են սարքել։ Սրանք դեռ դատական զարգացումներն են, քաղաքական զարգացումները շատ հետաքրքիր ու ուշագրավ կարող են լինել»։

Այս պահին ավագանու մանդատ ստացած քաղաքական 3 ուժերը բանակցում են հետագա քայլերի վերաբերյալ:

«Բալասանյան դաշինք»-ի դիրքորոշումն էլ փորձեցինք ճշտել մանդատների բաշխման շուրջ ստեղծված անորոշ վիճակի վերաբերյալ: Սամվել Բալասանյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ կա օրենք, կա հաշվարկ անող մարմին, նրանց փոխարեն ինքը չի կարող մեկնաբանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG