Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում ներկայացրել է Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան


ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, մասնակցել է հոկտեմբերի 3-7-ը Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 67-րդ նստաշրջանին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նստաշրջանի բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, որին հաջորդել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի ելույթը։

Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է փախստականներին առնչվող գլոբալ մարտահրավերներին, ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ՝ տեղահանված անձանց կարիքները հոգալու և փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

Փոխնախարարն անդրադարձել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ստիպված էին լքել իրենց տները։ Նա ներկայացրել է նաև այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն ուղեկցվել է միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:

Հովակիմյանն անդրադարձ է կատարել Սիրիայից փախստականների խնդրին` նշելով, որ Հայաստանը, ապաստան տրամադրելով ավելի քան 20 հազար փախստականների, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում:

Արձագանքելով Հայաստանի ԱԳ փոխնախարարի ելույթին՝ Ֆիլիպո Գրանդին նշել է, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը շարունակելու է աջակցել տարածաշրջանում տեղահանված անձանց խնդիրների լուծմանը` կարևորելով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը և աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Նանսենի անվան ավանդական մրցանակաբաշխությունը․ մրցանակն այս տարի շնորհվել է Հունաստանի Լեսբոս կղզում գործող Հունաստանի փրկարար ծառայությանը և փախստականների համար կղզում օթևան հիմնած հասարակական կազմակերպությանը՝ փախստականներին կամավոր սկզբունքով աջակցություն ցուցաբերելու համար:

Աշոտ Հովակիմյանը նաև առանձնազրույց է ունեցել Ֆիլիպո Գրանդիի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG