Մատչելիության հղումներ

Իրավապահները թույլ չտվեցին Եղնուկյանի զավակներին մեկնելուց առաջ հրաժեշտ տալ հորը


Կարող Եղնուկյանի ավագ դուստրը, 4ճը հոկտեմբերի, 2016թ.
Կարող Եղնուկյանի ավագ դուստրը, 4ճը հոկտեմբերի, 2016թ.

Զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող և ավելի քան երկու ամիս ճաղերի հետևում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի երկու զավակները ուսման նպատակով հեռացել են Հայաստանից՝ այդպես էլ չկարողանալով հրաժեշտ տալ հորը:

Առաջիկա օրերին մեկնելու է նաև Եղնուկյանի ավագ դուստրը, հիմա փորձում է դատարանի միջոցով պարտադրել քննիչներին՝ վերացնել տեսակցությունների վրա դրված արգելքը:

Այսօր նախատեսված նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ Եղնուկյանին չէին բերել կալանավայրից։

«Միջնորդությունն ուղարկելիս նույնիսկ տոմսերն ենք ուղարկել, երևում էր՝ ժամը քանիսին, որ օրն են մեկնում, փաստացի ստացվեց, որ հայրիկս չհասցրեց տեսնել քրոջս և եղբորս, ես էլ ամսի 17-ին եմ մեկնում», - ասաց ավագ դուստրը՝ շարունակելով. - «Ոնց մտածում ես տրամաբանության մեջ չի մտնում, ոնց մտածում ես՝ ի՞նչ վնաս պետք է տար, եթե ինքն իր երեխեքին տեսներ կես ժամ, մինչև արտերկիր գնալը։ Էնքան վախեցած են՝ ի՞նչ պետք է փոխանցենք, ի՞նչ պետք է ասենք, կամ ի՞նչ պետք է խոսենք, որ այդքան վտանգավոր է, որ չի թույլատրվում»։

Եղնուկյանի դուստրը կարծում է՝ դատական նիստերը հետաձգելով, իրենց միջնորդություններն անտեսելով՝ իրավապահները քաղաքական հաշվեհարդարն են շարունակում։

«Ինչ նախաքննական ինֆորմացիայի մասին է խոսքը, ընդամենն ուզում ենք մեր հորը տեսնել, ուղղակի անմարդկային վերաբերմունք է, այսինքն, բավարար չէ, որ ընդհանրապես տեսակցություն չի թույլատրվում, բավարար չի, որ հեռախոսազանգեր չեն թույլատրվում, միայն փաստաբանի միջոցով ենք կապ պահպանում, կարելի էր մի փոքր ընդառաջել, մարդ գտնվել ուղղակի մի քիչ», - ասաց Եղնուկյանի դուստրը։

Միացյալ Նահանգներից մի քանի օրով Երևան են եկել Եղնուկյանի մայրն ու եղբայրը, նրանք ևս չեն հասցնի տեսնել Կարոյին։ «Ես հինգշաբթի առավոտ մեկնում եմ։ Մեղադրանքները բացի նրանից, որ անհիմն են, նույնիսկ, եթե ասենք, թե լավ, էդ բոլոր արարքներն արել է, դրանց մեջ որևէ մի քրեական արարք չկա», - ասաց Եղնուկյանի եղբայրը՝ շարունակելով. - «Հասկացել են, որ ստեղ միայնակ լուրջ ընդդիմադիր է, ինչպես որ բոլորը գիտեն, երկրորդ դասարանցին էլ գիտի, որ լիքը սուտ ընդդիմադիրներ են դուրս եկել, միակ լուրջ դիմադրությունը եղել է «Հիմնադիր խորհրդարան»-ը և եղբայրս՝ Կարոն, որպեսզ հիմնադիրի անդամ իրենց [իշխանությունների] համար վտանգ է»։

Կարո Եղնուկյանը կնոջ և հինգ զավակների հետ 2009 թվականից է մշտական բնակություն հաստատել Երևանում, Եղնուկյանները Միացյալ Նահանգների և Հայաստանի քաղաքացիներ են։

«Տարբեր սցենարներ պատկերացրել ենք, և երբ որ արդեն այդ բանի մեջ մտնում ես, ամեն բանի պետք է պատրաստ լինես, եղբայրս այդ նույն օրը, երբ որոշել է Հայաստան վերադառնալ իր հինգ երեխայի հետ, արդեն գիտակցել է, որ ամեն բան հնարավոր է և ինքը պատրաստ է եղել՝ ներառյալ այս պահին», - ասաց Եղնուկյանի եղբայրը։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում ընդդիմադիր գործչին սպառնում է միչև քսան տարվա ազատազրկումը, Եղնուկյանը գործն ամբողջությամբ շինծու է որակում՝ պնդելով, որ ո՛չ իր ֆեյսբուքյան գրառումներում, ո՛չ էլ կնոջ հեռախոսազրույցների սղագրություններում որևէ հանցակազմ չկա, ընդամենը քննարկել են վերջին տեղեկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG