Մատչելիության հղումներ

Եղնուկյանին մեղադրում են «գոյություն չունեցող հանցագործներին օժանդակելու մեջ»


Կարո Եղնուկյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Կարո Եղնուկյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Իրավապահները վկայակոչում են Կարո Եղնուկյանի ֆեյսբուքյան գրառումներն ու հեռախոսային գաղտնալսումները՝ պնդելով, թե նա կեղծ տեղեկություններ է տարածել:

Կարո Եղնուկյանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Արդեն շուրջ մեկ ամիս ճաղերի հետևում գտնվող ընդդիմադիր գործիչը մեղադրվում է «Սասնա Ծռեր»-ին աջակցելու մեջ, քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ պատանդ վերցնելը, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը: Ընդ որում, փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, Եղնուկյանին մեղսագրվում են այնպիսի արարքներ, որ անգամ զինված խմբի գործում չեն հիշատակվում:

«Ոստիկան պատանդներ ունենալու մասին որևէ մեկին մեղադրանք չի առաջադրված, այսինքն՝ էդպիսի հանցագործություն չկա: Կատարող չկա, բայց օժանդակող կա, էդպես չի լինում, դա անհեթեթ է և աբսուրդի ժանրից է, պետք է քննչական մարմինների առաջադրած մեղադրանքները գոնե մի փոքր տրամաբանական լինեն»,- «Ազատության» հետ զրույցում տարակուսանք հայտնեց փաստաբանը:

Իրավապահները վկայակոչում են Եղնուկյանի ֆեյսբուքյան գրառումներն ու հեռախոսային գաղտնալսումները՝ պնդելով, թե նա կեղծ տեղեկություններ է տարածել, թե իբր գնդի ուղղությամբ տեխնիկա է շարժվում կամ, որ իրավապահների փոխանցած սննդից «ծռերը» թունավորվել են, միջոցներ է ձեռնարկել, որ ցուցարարները Ազատության հրապարակից գնան Խորենացի փողոց, ձգտել է ռադիոկապով ապահովել զինված խմբի անդամներին: Նշենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամներին պատանդառության մեղադրանք է առաջադրվել միայն բժիշկների մասով, բայց ոչ ոստիկանների:

«Ասում են՝ դու ապատեղեկատվություն ես տարածել, որ իբր սննդից թունավորվել են, անգամ եթե էդպիսի բան կա, սա քրեորեն պատժելի արարք չի, սա չի կարող օժանդակություն լինել պատանդներ պահելուն: Ձայնագրությունները բոլորովին այլ բան են ասում, մեղադրանքը բոլորովին այլ բան է, աջակցությունը, օժանդակությունն էլ բոլորովին այլ բան են: Էս ամեն ինչը, էսպես համատարած, խմբված, անհիմն, անհեթեթ մեղադրանք է»,- շարունակեց Տիգրան Հայրապետյանը:

Եղնուկյանի դուստրը՝ Էլմոնը համոզված է՝ հորը ճաղերի հետևում են պահում լռեցնելու, նրա քաղաքական գործունեությունը կասեցնելու նպատակով: «Ճնշեն շարժումը, մասնատեն, արգելափակեն: Այդ պրոցեսը, որ գնում էր՝ հանրությանը տեղեկացնելով, ինֆորմացիա տարածելով․․․ ու խոսքի ազատությունից զրկում են մարդուն փաստացի․․․ մյուսներին ցույց տալով երևի, վախեցնելով, իմ հայրիկի վրա սենց օրիանակ են ցույց տալիս հանրությանը, որ եթե դու ընդդիմանում ես էս իշխանությանը, եթե դու կարծիք ունես, որ ուզում ես արտահայտես, դու կհայտնվես բանտում»,- ասաց Եղնուկյանի դուստրը:

Եղնուկյանի կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու պահանջը մերժել է նաև վերաքննիչ դատարանը, ընդդիմադիր գործչին տեսակցելն արգելված է, նա զրկված է անգամ հեռախոսազանգերի հնարավորությունից: «Կարո Եղնուկյանն իրեն համարում է քաղաքական հալածյալ, որովհետև վերջին 3-4 տարին, սկսած Մաշտոցի պուրակի պայքարից, մինչև Փակ շուկայի հետ կապված՝ նրա մեքենաների վրա հարձակումները, հետապնդումներն իր և ընտանիքի անդամների հանդեպ և էսքան խիստ պատիժը․․․ըստ էության, նա պատիժ է կրում, այդ ամենը, բնականաբար, հաստատում է, որ նա քաղբանտարկյալ է»,- համոզված է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Եղնուկյաններն ընտանիքով Միացյալ Նահանգներից Հայաստան են տեղափոխվել 2009 թվականին, ԱՄՆ-ի քաղաքացիներ են, 57-ամյա Կարո Եղնուկյանը հինգ երեխաների հայր է:

XS
SM
MD
LG