Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքում «ուղղակի մարդկանց կուտակումներ, ակտիվություն» է նկատել:
«Ուրիշ ոչ մի բան տեղյակ չեմ՝ ինչի մասին եք ասում, և ինչ է նշանակում ուղղորդել ու որտեղ են ուղղորդում», - արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե ահազանգեր են ստացվել այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը կամ Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը իր մերձավորների հետ փորձում է ուղղորդել քաղաքացիներին:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հաղթելու իր հնարավորությունները, Ասլանյանը պատասխանեց․ - «Այսօր գնահատելու օրը չէ, այսօր սպասելու օրն է, իսկ արդյունքները կլինեն երեկոյան»:
Վանաձորում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: