ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի 6 մարզերի 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 84,601 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 11․37 տոկոսը:
Գյումրիում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 7.554 է կամ 6 տոկոս, Վանաձորում` 7.936 կամ 8.22 տոկոս:
Հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, առաջին անգամ քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նոր ընտրակարգով: Քաղաքացիներն ընտրելու են ոչ թե անձի, այլ քաղաքական ուժի, որն էլ կստանձնի համայնքի ղեկավարումը առաջիկա 5 տարիներին:
Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 10 կուսակցություն և մեկ դաշինք՝ «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը:
Վանաձորում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: