Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը»


Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» ընկերության միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեմի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, վարչապետը կարևորել է ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումն ու ներդրումային ծրագրերի ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը:

«Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը և այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին և ներդրումների իրականացմանը: Մեր թիմը միշտ բաց է լինելու և կանգնելու է ձեր կողքին՝ հնարավոր բոլոր խնդիրների լուծման ճանապարհին», - ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ավելացրել է, որ հանդիպելով բանկային ոլորտի ներկայացուցիչներին, առաջարկել է մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը՝ նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի աշխուժացմանը:

Հատկանշելով բանկի գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում՝ վարչապետն ընդգծել է նաև ֆրանսիական ընկերության և Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սերտ համագործակցության անհրաժեշտությունը և նշել, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ և կներկայացնի պոտենցիալ գործընկերներին:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «Կրեդիտ Ագրիկոլ»-ը կկարողանա մեծապես նպաստել ֆրանսիական կապիտալի ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ և նշել, որ այդ հարցում ակնկալում է բեկումնային քայլեր:

Մարկ Օպենհեյմը նշել է, որ այսօր լրանում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի՝ Հայաստանում գործունեության 20-ամյակը: Նրա խոսքով, այդ փաստն արտացոլում է երկկողմ ամուր կապերն ու իրենց մեծ ցանկությունը՝ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, գործարար դաշտի ակտիվացմանն ու տնտեսության զարգացմանը:

«Կրեդիտ Ագրիկոլ»-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ուղղվածության փոփոխությունը ևս կնպաստի Հայաստանի կառավարության նպատակների և ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մարկ Օպենհեյմը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին՝ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ նշելով, որ դա շատ կարևոր է իրենց ու այլ ներդրողների համար:

«Պետության և ներդրողի միջև լավ հարաբերությունները հաջողության հիմնական գրավականներից են: Մի պետություն, որը պատրաստ է աջակցել գործարար դաշտին՝ կկարողանա հասնել տնտեսության զարգացմանն ու ապահովել առաջընթաց: Մենք այդ ճանապարհին կանգնած ենք ձեր կողքին և շահագրգռված ենք լինելու ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում», - ասել է Մարկ Օպենհեյմը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG