Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Բոինգ»-ի կործանման հարցով միջազգային քննչական խմբի զեկույցը վերջնական ճշմարտություն չէ


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը BBC-ին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում կործանված «Բոինգ»-ի հարցով միջազգային քննչական խմբի երեկ հրապարակված զեկույցը չի կարելի համարել վերջնական: Քննիչների եզրակացությունը նա նախնական է համարել, հավելել է, որ դա չի կարելի ընդունել որպես վերջնական ճշմարտություն, և հրաժարվել է հստակ պատասխան տալ բրիտանացի լրագրողի հարցերին:

Հիշեցնենք, երեկ միջազգային խումբը, որի կազմում են Ավստրալիայի, Նիդերլանդների, Մալայզիայի, Ուկրաինայի և Բելգիայի փորձագետները, հրապարակեց իրի երկրորդ զեկույցը: Պաշտոնական մեղադրանք խումբը Ռուսաստանին չի ներկայացրել, սակայն եզրակացության մեջ հստակ նշված է, որ հրթիռը արձակվել է օդանավի կործանման օրը անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքից, ռուսական արտադրության և Ռուսաստանից բերված «Բուկ» համալիրից:

Միջազգային խումբը որոշել էր հետաքննությունը շարունակել, քանի դեռ չի կարողացել պարզել, թե ո՞վ է պատասխանատու այս հանցագործության համար, արդյոք «Բուկ»-ի անձնակազմը ինքնուրո՞ւյն է որոշել արձակել հրթիռը, թե՞ հրաման է ստացել: Կա կասկածյալների 100-հոգանոց ցուցակ, երեկ ասել են խմբի ներկայացուցիչները:

Պաշտոնական Մոսկվան այս մեղադրանքները հերքում է: Պեսկովից առաջ էլ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ միջազգային խմբի զեկույցը քաղաքական ենթատեքստ ունի:

«Դուք չե՞ք ընդունում քննիչների այն եզրակացությունը, որ «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավը կործանել է ռուսական արտադրության, Ռուսաստանից բերված և հետո նորից Ռուսաստան վերադարձված «Բուկ»-ը», - բրիտանացի լրագրողի՝ նույնիսկ երկրորդ անգամ հնչեցրած այս հարցին Պեսկովը անորոշ պատասխան է տվել՝ ասելով․ - «Չկա ոչինչ ընդունելու կամ ժխտելու, կրկնում եմ՝ սա նախնական եզրակացություն է, մեզ անհրաժեշտ է շարունակել հետաքննությունը: Ցավոք, մենք ապացույցներ չենք տեսնում»:

«Զեկույցում ներկայացված տվյալները կարող է և ճշմարիտ են, գուցեև՝ ոչ: Նախկին պես ի հայտ են գալիս նոր տվյալներ: Անհրաժեշտ է շարունակել հետաքննությունը», - հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG